Ռուսաստանում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին TASS-ին տված հարցազրույցում թվարկել է այն պայմանները, որոնք Թեհրանը ներկայացնում է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ կայուն խաղաղության հասնելու համար։ Պահանջների ցանկը բաղկացած է չորս կետից.

«1. Ագրեսիայի և ահաբեկչական գործողությունների վերջնական ու ամբողջական դադարեցում, 2. Ագրեսիայի և պատերազմի ցանկացած կրկնություն կանխելու համար օբյեկտիվ և վստահելի երաշխիքների տրամադրում, 3. Նյութական և բարոյական վնասի ամբողջական փոխհատուցում, 4. Հորմուզի նեղուցում՝ միջազգային ծովային անվտանգության պաշտպանության նպատակով Իրանի իրավասության հարգում», - թվարկել է դիվանագետը:

«Բարձր գնահատելով միջնորդների դերն ու ջանքերը՝ մենք կարծում ենք, որ խաղաղությունը կախված է միայն այս պարտավորությունների կատարումից», - ընդգծել է Ջալալին:

Նրա խոսքով՝ «Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ ողջունել է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատմանն ուղղված ցանկացած կառուցողական ու անկեղծ ջանք»:

«Այնուամենայնիվ, հարկ է ընդգծել, որ արդարացի խաղաղության և կրակի տևական դադարեցմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն կամ առաջարկվող պլան պահանջում է հաշվի առնել տեղում առկա իրողությունները և կատարել այս իրավական ու քաղաքական պայմաններն ու պահանջները», - նշել է դիվանագիտական առաքելության ղեկավարը:

Ջալալին հայտարարել է, որ «Իրանը կշարունակի իրականացնել ինքնապաշտպանության իր անօտարելի իրավունքը այնքան ժամանակ, քանի դեռ սպառնալիքի աղբյուրն ամբողջությամբ չի վերացվել»:

«Ինչ վերաբերում է գործընկերների հետ խորհրդակցություններին, Թեհրանն իր դիվանագիտական օրակարգում միշտ ներառում է կարծիքների փոխանակումն ու իր ռազմավարական դաշնակիցների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ գործողությունների համակարգումը», - հավելել է նա: