Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներն ու վարչակազմի ներկայացուցիչները քննարկում են, որ մեկ բարեի նավթի գինը հնարավոր է բարձրանա մինչև ռեկորդային 150 դոլար և ավելի։ Դա կապված է նրա հետ, որ Իրանի դեմ պատերազմն արդեն երկրորդ ամիսն է, ինչ շարունակվում է։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրներին։
Սպիտակ տան պաշտոնյաներն ուսումնասիրում են գների բարձրացման տնտեսական հետևանքները և դիտարկում են ծախսերը նվազեցնելու տարբերակները, այդ թվում՝ լրացուցիչ արտակարգ լիազորությունների տրամադրումը։ Այս մասին անանուն կերպով հայտնել են Սպիտակ տան հետ կապ հաստատած ոլորտի երկու ներկայացուցիչները, ինչպես նաև սույն զեկույցի մյուս մասնակիցները։ Նրանց անանունությունը կապված է մասնավոր զրույցների մասին ազատ խոսելու հետ։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆինանսների նախարարության ներկայացուցիչներից տեղեկացել է էներգակիրների գների կարճաժամկետ հեռանկարների մասին։ Նախարարության կարծիքով՝ հավանաբար մեկ բարելի դիմաց 100 դոլարի սահմանաչափը դեռ կպահպանվի։
Ներքին քննարկումներին ծանոթ անձի խոսքով՝ վարչակազմն այդ թիվը դիտարկում է որպես «բազային» և չի բացառում, որ բարելի համար գները կարող են բարձրանալ մինչև 200 դոլարի մակարդակին:
Նավթի գների շուրջ քննարկումները հիմնականում ընթանում են Էներգետիկ գերիշխանության ազգային խորհրդի միջոցով։ Սա քաղաքականության համակարգման ստանդարտ կոմիտե է, որի կազմում ընդգրկված են պաշտպանության, էներգետիկայի, առևտրի, ներքին գործերի նախարարությունները և Պետդեպարտամենտը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրներից մեկը՝ Թրամփի էներգետիկ հարցերով նախկին խորհրդականը։
Լրատվամիջոցը հստակեցնում է, որ այս պլանավորումը դեռ չի նշանակում, թե Սպիտակ տունը միանշանակ ակնկալում է, որ նավթի գները կբարձրանան մինչև այդ ռեկորդային գագաթնակետերին։
Այնուամենայնիվ, պաշտոնյաներն այժմ տարբեր գաղափարներ են ուսումնասիրում՝ նման սցենարը կանխելու համար և դրա համար օգտագործում են այն, ինչ Սպիտակ տանը մոտ կանգնած ոլորտի դիտորդներից մեկն անվանել է «համընդհանուր ուշադրության կենտրոնացում»։ Սակայն սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ երկրում բենզինի միջին գինն արդեն հասել է 4 դոլարի՝ մեկ գալոնի դիմաց, իսկ նավթի դեֆիցիտի ալիքը ողողել է Ասիան և առաջիկա շաբաթներին կհասնի ԱՄՆ։



























