Աբու Դաբիի Հաբշան բնական գազի վերամշակման համալիրը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը հրդեհի պատճառով, որն առաջացել էր խոցված օդային թիրախների բեկորներից։ Այս մասին տեղեկացրել է Էմիրության կառավարության մամուլի ծառայությունը։
«Աբու Դաբիի իշխանությունները վերացնում են միջադեպի հետեւանքները՝ կապված Հաբշան գազային համալիրում օդային թիրախների բեկորների անկման հետ, ՀՕՊ համակարգերի հաջող գործունեությունից հետո»,- նշվել է հայտարարության մեջ։ Օբյեկտում հրդեհ է սկսվել, նրա գործունեությունը դադարեցվել է։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Ավելի վաղ ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են Իրանից արձակված հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր։



























