«Time» ամսագիրը հրապարակել է իր ապրիլյան համարի շապիկը, որտեղ պատկերված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Իրանի քարտեզը ձեռքին, «Որտե՞ղ է ելքը» մակագրությամբ։ Հոդվածի հեղինակները նշել են, որ Իրանի դեմ պատերազմը Թրամփին կանգնեցնում է դժվար ընտրության առաջ՝ գտնել հակամարտությունից դուրս գալու ելք եւ փրկել իր քաղաքական ապագան։ Նախագահը «մտահոգիչ լուրեր» է ստացել իր ամենամոտ խորհրդականներից։ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլզը եւ նրա օգնականների խումբը նախագահին տեղեկացրել են, որ պատերազմի երկարաձգումը սպառնում է նրա հանրային աջակցությանը եւ հանրապետականների հեռանկարներին նոյեմբերի միջանկյալ ընտրություններում։

Իր հերթին, սոցիոլոգ Թոնի Ֆաբրիցիոն ներկայացրել է հարցումների տվյալներ, որոնք վկայում են Իրանում ամերիկյան գործողության աճող ոչ պոպուլյար լինելու մասին։

Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Թրամփը, իրանական միջուկային սպառնալիքի վերացումը համարելով իր ամենամեծ նվաճումներից մեկը, ստացել է ռազմական զեկույցներ մարտական ​​հաջողությունների մասին: Սակայն Ուայլզը մտահոգություն է հայտնել, որ խորհրդականները ստեղծում են նախագահի համար հակամարտության ընկալման «իդեալականացված պատկեր». Թրամփին ասվում է այն, ինչ նա ուզում է լսել, այլ ոչ թե այն, ինչ նա իրականում պետք է իմանա։

Հոդվածում նշվել է, որ Սպիտակ տունը գիտակցում է, որ ժամանակը սպառվում է, եւ որ պատերազմի հետագա երկարաձգումը կհանգեցնի նախագահի, նրա կուսակցության եւ ամերիկյան հանրության ավելի մեծ կորուստների։

Ինչպես նշել են լրագրողները, ժամանակակից պատմության ամենամեծ նավթային ճգնաժամը հանգեցրել է աճի գլոբալ կանխատեսումների կտրուկ անկման, Եվրոպայում եւ Ասիայում դեֆիցիտի, իսկ Հորմուզի նեղուցի երկարատեւ շրջափակումը կարող է համաշխարհային տնտեսությունը մղել ռեցեսիայի։

«Թրամփը, որը խոստացել էր վերակենդանացնել տնտեսությունը եւ խուսափել արտաքին հակամարտություններից, պատերազմ սկսեց առանց մանդատի, եւ տնտեսական հետեւանքները, հավանաբար, նոր են սկսվում»,- նշվել է հոդվածում։

Միեւնույն ժամանակ, նախագահն ինքը հիասթափություն է հայտնում իրական իրավիճակից։ Աճող քաղաքական եւ տնտեսական կորուստները նրան ստիպում են լուծում փնտրել, չնայած դեռեւս «գործողության հաջողության» հույս ունի, կարծում է պարբերականը։