Իրանի նախկին արտգործնախարար Ջավադ Զարիֆը կոչ է արել իր երկրին «հռչակել հաղթանակ եւ հասնել համաձայնության, որը կվերջացնի ե՛ւ ներկայիս հակամարտությունը, ե՛ւ կկանխի հաջորդը»։ Նա այս մասին գրել է ամերիկյան Foreign Affairs ամսագրում հրապարակված մեծ հոդվածում։
Զարիֆը, որը մի քանի տարի եղել է Իրանի միջուկային բանակցությունների առանցքային դեմքը ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ, ներկայացրել է այն, ինչը նա նկարագրել է որպես բարենպաստ պայմաններով ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու ծրագիր Թեհրանի համար։
Ահա նրա առաջարկության հիմնական տարրերը.
Իրանը պետք է առաջարկի սահմանափակել իր միջուկային ծրագիրը եւ վերաբացել Հորմուզի նեղուցը՝ պատժամիջոցների լիակատար մեղմացման դիմաց, համաձայնագիր, որը Վաշինգտոնը նախկինում մերժել է, բայց այժմ կարող է քննարկել։
Իրանը պետք է նաեւ պատրաստ լինի ընդունել Միացյալ Նահանգների հետ փոխադարձ չհարձակվելու մասին պայմանագիր, որի համաձայն՝ երկու երկրներն էլ պարտավորվում են ապագայում չհարձակվել միմյանց վրա։
Բացի այդ, նա կարող է առաջարկել տնտեսական համագործակցություն Միացյալ Նահանգների հետ, ինչն օգտակար կլինի ե՛ւ ամերիկացի, ե՛ւ իրանցի ժողովրդի համար։
Այս բոլոր միջոցները թույլ կտան Իրանի իշխանություններին ավելի քիչ կենտրոնանալ երկրի արտաքին սպառնալիքներից պաշտպանության եւ ավելի շատ՝ երկրի ներսում քաղաքացիների կյանքի բարելավման վրա։ Այլ խոսքով՝ Թեհրանը կարող է ապահովել այն նոր, պայծառ ապագան, որին արժանի է Իրանի ժողովուրդը։



























