Աբու Դաբիի իշխանությունները դադարեցրել են «Հաբշան» գազային համալիրի գործունեությունը իրանական անօդաչու թռչող սարքի բեկորների անկումից եւ դրանց հետեւանքով առաջացած հրդեհից հետո, հաղորդել է Khaleej Times-ը՝ հղում կատարելով տեղի լրատվամիջոցների վարչությանը։

Գերատեսչության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը հաջողությամբ խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից, սակայն բեկորներն ընկել են համալիրի վրա։ Տուժածներ չկան։

«Հաբշան» համալիրը ԱՄԷ բնական գազի արտադրության եւ վերամշակման հիմնական կենտրոններից մեկն է։ Գազն այստեղ օգտագործվում է էլեկտրաէներգիայի արտադրության, խոշոր արդյունաբերությունների, այդ թվում՝ ալյումինի եւ պողպատի արտադրության, աղազտիչ կայանքի եւ քաղաքի էլեկտրամատակարարման համար։

Փորձագետները զգուշացնում են, որ օբյեկտների աշխատանքի ցանկացած խափանում, նույնիսկ կարճաժամկետ, կարող է մեծացնել Պարսից ծոցի տարածաշրջանում գազի մատակարարման ռիսկերը եւ անուղղակիորեն ազդել գազի եւ հեղուկացված բնական գազի գների վրա համաշխարհային շուկայում։

«Հաբշանը» աշխարհի ամենամեծ ինտեգրված գազի վերամշակման համալիրներից մեկն է, որը շահագործվում է ADNOC Gas-ի կողմից։ Համալիրի հինգ գործարաններն ունեն օրական 6.1 միլիարդ ստանդարտ խորանարդ ֆուտ գազ վերամշակելու համակցված հզորություն։ Համալիրը խողովակաշարերով միացված է Ռուվեյսի հեղուկացված բնական գազի գործարանին, ինչն այն դարձնում է կարեւոր երկրի էներգետիկ ենթակառուցվածքների համար։