Ավստրալիան Մերձավոր Արեւելք է ուղարկել SAS հատուկ նշանակության էլիտար ստորաբաժանում՝ Իրանի շուրջ հակամարտության սրման մտավախությունների ֆոնին: Այս մասին հայտնել է The Daily Telegraph-ը՝ նշելով, որ դա կատարվել է առանց հրապարակային հայտարարության:
Հղում կատարելով աղբյուրներին՝ թերթը նշել է, որ ենթադրվում է, որ ստորաբաժանումը տեղակայվել է Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Մինհադ» ավիաբազայում, սակայն տեղակայման ճշգրիտ վայրը եւ մանրամասները չեն բացահայտվում:
The Daily Telegraph-ը նշել է, որ տեղակայված ուժերը «նախատեսված չեն մասնակցելու մարտական գործողություններին, նրանց հիմնական առաքելությունն է ապահովել անվտանգությունը եւ հնարավոր է՝ տարհանման գործողություններ իրականացնել, այդ թվում՝ դիվանագիտական առաքելությունների անձնակազմի համար»:
Ավելի վաղ Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն բազմիցս հայտարարել էր, որ իր երկիրը չի մասնակցի Մերձավոր Արեւելքում ռազմական գործողություններին, եւ որ ավստրալական զորքերի կողմից այնտեղ իրականացվող ցանկացած գործողություն «զուտ պաշտպանական բնույթի է» եւ թելադրված է «արտասահմանում գտնվող Ավստրալիայի քաղաքացիների եւ օբյեկտների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ»։ Նա նաեւ հայտնել է, որ Ավստրալիան Պարսից ծոց է ուղարկել E7A Wedgetail վաղ նախազգուշացման ինքնաթիռ եւ զինվորական անձնակազմի փոքր զորախումբ՝ Իրանի կողմից հարձակման ենթարկված պետությունների պաշտպանությանն օգնելու համար։



























