Գորիսի քննական-հաշվառման կենտորոնում քննական մեքենա չկա` վարորդական վկայականի գործնական քննություն հանձնելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարորդական վկայականի քննության համար Երևանից Գորիս հասած քաղաքացին, որի խնդրանքով չենք հրապարակում անունը։
«Գորիսում գրանցվել էի վարորդական վկայականի քննության համար, իմ ժամին գնացել էի։ Հերթս եկել էր, մոտեցել, կտրոնը վերցրել և սպասում էի։ Տեսուչն ասաց՝ քննական ստորաբաժանումում մեքենա չկա քննություն հանձնելու համար, պետք է մեքենայով մոտենայիք, ձեզ չե՞ն ասել։ Կներեք, իսկ roadpolice կայքում գրանցվելիս պետք է ասվե՞ր, որ ստորաբաժանումում մեքենա չկա քննության համար։
Տեսուչն ասաց՝ մեկին խնդրեք, իր մեքենայով մոտեցեք, քննությունը հանձնեք։ Ասաց՝ ուսուցողական ավտոներ էլ կան, որ երեխեքին քննական երթուղին են ցույց տալիս, կարող եք իրենց ասել, իրենք տրամադրում են, իհարկե վճարովի՝ 6․000 դրամ։ Ստացվում է, որ անիմաստ 6․000 դրամ վճարեցի, երբ մեքենան իրենք պետք է տրամադրեին»- ասաց մեր զրուցակիցը։
Քաղաքացու խոսքով՝ մեկ այլ խնդիր կա։ Քանի որ քննական մեքենա չկա, բնականաբար, երթևեկության ընթացքը տեսանկարահանող սարքավորումներ էլ չկան, ինչը անհնարին է դարձնում անհամաձայնության դեպքում տեսուչի կայացրած որոշումը բողոքարկելը։
«Այդքան տեղեկություն են տարածում, թե այսքան միլիոն դուրս գրեցինք բյուջեից, մեքենաներ գնեցինք, որ ավելի թափանցիկ լինի, բայց փաստացի անգամ ավտոմեքենա չկար։ Տեսուչն անիմաստ 2 պատճառ նշեց քննությունից կտրելու համար, մեկը՝ գիծը տրորելու, մյուսը՝ չզիջելու համար։
Քանի որ տեսախցիկ չկար մեքենայում, չի արձանագրվել, ես հիմա ո՞նց բողոքարկեմ, որ ճիշտ եմ վարել։ Ասեմ՝ արի գնանք այդ փողոց, տեսնենք գիծ կա՞, որ գիծը տրորելու համար կտրել եք։ Մյուսն էլ ասաց՝ զիջող ես, չես զիջել, բայց այդտեղ ճանապարհային նշան էլ չկար, հիմա ես ո՞նց բողոքարկեմ։ Սա, ըստ երևույթին, արվում է նաև նրա համար, որ նորից հերթագրվես, գումար վճարես»,- դժգոհեց քաղաքացին, ապա հավելեց, որ հաշվառման- քննական ստորբաժանումում հայտնել են, որ խնդրի մասին ՆԳՆ-ում տեղյակ են։
Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով NEWS.am-ը կապ հաստատեց ՆԳՆ–ի հետ, որտեղից մեզ հայտնեցին․ «Հաշվառման-քննական բոլոր ստորաբաժանումների քննական ավտոմոբիլներում տեղադրված են տեսախցիկներ, որոնք նկարում են, մեքենայի թե առջևի, թե հետևի հատվածը, թե մեքենայի սրահը։ Իսկ հաշվառման-քննական այն բաժիններում, որտեղ չկան մեքենաներ, դրանց ձեռքբերման գործընթացը ՆԳՆ-ն արդեն մեկնարկել է»։
Հիշեցնենք, որ ՆԳՆ-ն 2 ամիս առաջ հայտարարություն էր տարածել, նշել, որ վերահսկողություն և թափանցիկություն ապահովելու համար քննական ավտոմոբիլները համալրվել են տեսաձայնագրող սարքավորումներով։




























