Թել Ավիվից թռած ամերիկյան Boeing KC-135R Stratotanker ռազմատրանսպորտային ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել եւ վայրէջք կատարել մեկնման օդանավակայանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը Մերձավոր Արեւելքի ավիակարգավարման շրջանակներում։
«1964թ․ արտադրության Boeing KC-135R Stratotanker-ը մոտ մեկուկես ժամ առաջ թռիչք էր կատարել Թել Ավիվից, բայց գրեթե անմիջապես հայտնել է ինքնաթիռում արտակարգ իրավիճակի մասին»,- գործակալությանը հայտնել է աղբյուրը։ Աղբյուրն ավելացրել է, որ ինքնաթիռը որոշ ժամանակ պտտվել է Միջերկրական ծովի երկնքում մոտ 1,5 կիլոմետր բարձրության վրա՝ Իսրայելի օդային երթեւեկության կարգավարների կողմից վերահսկվող օդային տարածքում, ապա վայրէջք է կատարել։
Աղբյուրը չի մանրամասնել, թե ինչ արտակարգ իրավիճակ կարող էր տեղի ունենալ ինքնաթիռում։
Ամերիկյան ռազմական ինքնաթիռի հետ կապված այս միջադեպը վերջին մեկ ամսվա ընթացքում առաջինը չէ։ Մարտի 27-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing C-17A Globemaster III տրանսպորտային ինքնաթիռը, որը թռիչք էր կատարում հունական Կոս կղզուց, աղետի ազդանշան է տվել Թուրքիայի օդային տարածքում, ապա վայրէջք է կատարել մոտակա ռազմական օդանավակայանում։ Գրեթե երկու օր անց Բուխարեստից թռիչք կատարող մեկ այլ ամերիկյան Boeing KC-135R Stratotanker Հունաստանի օդային տարածքում աղետի ազդանշան է տվել, ապա կտրուկ շրջադարձ է կատարել եւ վերադարձել՝ վայրէջք կատարելով Ռումինիայի մայրաքաղաքում։



























