Հռոմի պապ Լեւոն XIV-ը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ, որի ընթացքում կոչ է արել բացել դիվանագիտական երկխոսության բոլոր հնարավոր ուղիները Մերձավոր Արեւելքում հակամարտությունը դադարեցնելու համար: Այս մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը, որը նշել է, որ զրույցը տեղի է ունեցել Զատկի տոների ժամանակ։
«Զրույցի ընթացքում նորից ընդգծվել է դիվանագիտական երկխոսության բոլոր հնարավոր ուղիների վերսկսման անհրաժեշտությունը՝ շարունակվող հակամարտությունը դադարեցնելու եւ Մերձավոր Արեւելքում արդար եւ երկարատեւ խաղաղություն հաստատելու համար: Զրույցը կենտրոնացել է քաղաքացիական բնակչության պաշտպանության եւ միջազգային եւ մարդասիրական իրավունքի նկատմամբ հարգանքի խթանման կարեւորության վրա»,- նշվել է հաղորդագրության մեջ:
Ծաղկազարդի օրը, որը կաթոլիկները նշել են մարտի 29-ին, իսրայելական ոստիկանությունը թույլ չի տվել, որ լատինական պատրիարք, կարդինալ Պիերբատիստա Պիցցաբալան մասնակցի Երուսաղեմի՝ Տիրոջ Սուրբ Գերեզմանի տաճարում կայանալիք պատարագին, ինչը Վատիկանի եւ Իտալիայի իշխանությունների բացասական արձագանքն է առաջացրել: Հայտնի է դարձել, որ Վատիկանի պետական քարտուղար (Վատիկանի կառավարության ղեկավար), կարդինալ Պիետրո Պարոլինը հանդիպել է Սուրբ Աթոռում Իսրայելի դեսպանի հետ: Միջադեպը, որն իսրայելական կողմը կապել էր Իրանի կողմից հրետակոծությունների հետեւանքով անվտանգության հետ կապված մտահոգությունների հետ, կարգավորվել է: Հաղորդվել է, որ երկու կողմերը համաձայնության են եկել Զատկի ծեսերն անցկացնել ամենակարեւոր քրիստոնեական սրբավայրերում:



























