Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) շուրջ առաջացած պատմությունը վաղուց պետք է ավարտված լիներ, բայց դեռ ավարտը չի երեւում, քանի որ այս պատմությամբ շահագրգռվածները շատ են: Այս մասին, այսօր` փետրվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, հավելելով, որ կուսակցության շուրջ տեղի ունեցող խմորումները հովանավորվում են իշխանությունների կողմից:

Նա հիշեցրեց, որ ՍԴՀԿ-ի շուրջ կատարվող դեպքերը սկիզբ առան դեռ 2008 թվականից, երբ համահնչակյան ատենապետ Սեդրակ Աճեմյանը ակտիվ բիզնեսով էր զբաղվում եւ նրան արդեն ընդդիմադիր կեցվածքը չէր գոհացնում, քանի որ նա իր բիզնեսի զարգացման խնդիր ուներ:

Ըստ Լ. Սարգսյանը, Աճեմյանը գնաց ոչ ազնիվ ճանապարհով եւ ցանկացավ պառակտել կուսակցությունը: «Բարեբախտաբար նրան կանխեցին եւ ովքեր գործիք էին Սեդրակ Աճեմյանի ձեռքին, հեռացվեցին կուսակցությունից: 2010թ-ին ՍԴՀԿ-ի համագումարում ես ընտրվեցի ատենապետ: Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանով հաստատվեց իմ ատենապետությունը, սակայն Գեւորգ Պերկուպերկյանը մի քանի օր առաջ, նամակով տեղեկացնում է, որ ՀՀ իրավաբանական գրանցման գործակալությունում տեղեկանք է ներկայացրել, որի համաձայն գրանցվել է, որպես ՍԴՀԿ ատենապետ»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը եւ ավելացրեց, որ պարզվում է , որ 2011թ-ի հունվարի 28-ին «Հայոց Աշխարհ» թերթում հայտարարություն են տվել, որ ՍԴՀԿ 8-րդ համագումարն են անցկացնում:

Նշվել է նաեւ, որ համագումարը տեղի է ունենալու Հանքավանում, սակայն Վահան Շիրխանյանն իր հերթին ասել է, որ համագումարը Թեքեյան կենտրոնում է եղել: Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ համագումարը հրավիրում է կենտրոնական վարչությունը, սակայն իրենք տեղյակ չեն եղել: Այդ առթիվ Լյուդմիլա Սարգսյանը տեղեկացրեց, որ արդեն արդարադատության նախարարություն նամակ են ուղարկել, փաստելով իրենց օրինականությունը: Բացի այդ, նամակ են հղել նաեւ գլխավոր դատախազությանը, որտեղ պահանջում են պատժի ենթարկել այն մարդկանց, ովքեր կեղծիքի միջոցով ցանկացել են գրանցվել Պետական ռեգիստրում: