Արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել է Իրանում Իսպանիայի դեսպանատան աշխատանքի վերսկսման մասին։ Դեսպանատունը փակվել էր մարտի 7-ին այն բանից հետո, երբ ողջ դիվանագիտական անձնակազմը տարհանվել էր Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի սանձազերծած պատերազմի պատճառով։
«Այսօր ես ցուցում եմ տվել Թեհրանում մեր դեսպանին վերադառնալ, վերաբացել Իսպանիայի դեսպանատունը և բոլոր հնարավոր ուղղություններով, այդ թվում՝ իրանական մայրաքաղաքից, միանալ խաղաղության հաստատմանն ուղղված այս ջանքերին», - հայտարարել է Ալբարեսը, հաղորդում է Euronews-ը:
Դեսպան Անտոնիո Սանչես-Բենեդիտոյի գլխավորած դեսպանատունը նորից կսկսի գործել։ Այն տարհանվել էր պատերազմական գործողությունների սրման պատճառով, սակայն հիմա, երբ ԱՄՆ-ն ու Իրանը երկշաբաթյա զինադադար են կնքել և պայմանավորվել են վերաբացել Հորմուզի նեղուցը, դիվանագետները վերադառնում են աշխատանքի։



























