Ինչպես հայտնել են Ֆինանսների նախարարության և Պետքարտուղարության նախկին աշխատակիցները, Թրամփի վարչակազմն, ամենայն հավանականությամբ, կերկարաձգի ռուսական նավթի դեմ կիրառվող պատժամիջոցների սառեցումը, ինչը կարող է նմանատիպ քայլի հանգեցնել նաև իրանական նավթի պարագայում։ Այս մասին հաղորդում է Semafor-ը։
Անցյալ ամիս ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թույլատրել է վաճառել ծովում գտնվող ռուսական և իրանական նավթի այն խմբաքանակները, որոնք նախկինում պատժամիջոցների տակ էին. թույլտվությունը գործում է համապատասխանաբար մինչև ապրիլի 11-ը և 19-ը։ Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն այս քայլը որակել է որպես «ձյուդո», որի նպատակն է նվազագույնի հասցնել Իրանի հետ պատերազմի տնտեսական հետևանքները։ Նա կանխատեսել է, որ սա կավելացնի համաշխարհային առաջարկը և կհանգեցնի գների նվազման։
Գրեթե մեկ ամիս անց փորձագետները նշում են, որ քիչ են ապացույցներն այն մասին, թե այս միջոցառումներն էապես նվազեցրել են ծախսերը՝ չհաշված ներդրողների ժամանակավոր հանդարտեցումը։ Ռուսական և իրանական նավթի գնորդների շրջանակի ընդլայնումը թույլ է տվել երկրներին բարձրացնել գները, ընդ որում՝ Ռուսաստանը ժամանակ առ ժամանակ օրական լրացուցիչ 150 միլիոն դոլար է վաստակել։ Միևնույն ժամանակ, իրանական նավթի մեծ մասն արդեն իսկ ուղևորվել էր դեպի Չինաստան։



























