Լավ չեմ պատկերացնում, թե ինչու բուհերի կենտրոնացումը մի վայրում պետք է բերի կրթության որակի բարձրացմանը։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշել է, որ Խորհրդային Հայաստանում կրթության որակը բավականին բարձր է եղել, և շրջանավարտները մշտապես կարողացել են աշխատանք գտնել արտերկրում։ Քոչարյանն ընդգծել է, որ Եվրոպայում նույնպես բուհերն ամենուր չէ, որ կենտրոնացված են մեկ վայրում։
Նրա գնահատմամբ՝ ուսանողական քաղաքի ստեղծման նախագիծն ավելի շուտ քարոզչական բնույթ է կրում։
Քոչարյանը հավելել է, որ բուհերի կենտրոնացումը մեկ վայրում չի բարձրացնում դասախոսական կազմի պրոֆեսիոնալիզմը։
Նա չի բացառել, որ «Ակադեմիական քաղաք» ստեղծելու գաղափարի հիմքում ընկած է բուհերի շենքերի գրավչությունը, որոնք նախագծի իրականացման դեպքում կազատվեն։ «Կարծում եմ՝ պաշտոնյաների համար սա ավելի լուրջ շարժառիթ է», — հավելել է Քոչարյանը։





























