Հնդկաստանում էկրան է բարձրացել «Չիրայա» («Փոքրիկ թռչուններ») սերիալը, որն արծարծում է ամուսնական բռնաբարությունների թեման. հայտնում է BBC-ն։

Սյուժեի կենտրոնում երկու կին են՝ կնոջ դերի մասին հակադիր պատկերացումներով։ Նրանց պատմությունները խաչվում են, երբ հերոսուհիներից մեկն ամուսնանում է մի տղամարդու հետ, ով հենց առաջին գիշերը բռնության է ենթարկում նրան։ «Ինչո՞ւ ես կրկնում, թե ես քեզ բռնաբարել եմ։ Ես պարզապես վերցրել եմ այն, ինչն ինձ է պատկանում»,- ասում է կերպարը։

Սերիալը մեծ արձագանք է ստացել մի երկրում, որտեղ ամուսնական բռնաբարությունը դեռևս քրեորեն պատժելի չէ։ Սցենարիստ Դիվյ Նիդհի Շարման պարզաբանել է, որ իր նպատակը ոչ թե քաղաքական պայքարն է, այլ այն անարդարության պարզաբանումը, որը «տեղի է ունենում մեր տներում, հարևանությամբ» և չունի ո՛չ իրավական, ո՛չ էլ սոցիալական լուծում։