Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները հանգեցրել են յուանով իրականացվող նավթային հաշվարկների կտրուկ աճի։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Իրանը սկսել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար վճարումներն ընդունել չինական արժույթով, իսկ չինական միջբանկային վճարային համակարգը՝ CIPS-ը, մեկ օրվա ընթացքում գրանցել է գործարքների ռեկորդային ծավալ՝ 1,22 տրիլիոն յուան (179 մլրդ դոլար)։ Համակարգն առաջին անգամ է հատել 1 տրիլիոնի սահմանագիծը։

Չինաստանը հետևողականորեն ամրապնդում է Մերձավոր Արևելքի նավթարդյունահանողների հետ իր տնտեսական կապերը։ Չինաստանը Շանհայում զարգացնում է նավթի առևտրի ենթակառուցվածքները, ընդլայնում է CIPS համակարգի ընդգրկումը և մերձավորարևելյան գործընկերների հետ քննարկում թվային արժույթների միջազգային հարթակի ստեղծման հնարավորությունը։

Վերլուծաբանների կարծիքով՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը, ինչպես նաև Վաշինգտոնի և իր ավանդական դաշնակիցների միջև աճող հակասությունները նվազեցնում են դոլարի գրավչությունը։ Սա երկարաժամկետ ազդեցություն կունենա՝ մեծացնելով այլընտրանքային արժույթների նկատմամբ հետաքրքրությունը։