Իսրայելում երկրոպեանոց շչակի ձայնով հարգել են Հոլոքոստի զոհերի հիշատակը: Ուղիղ ժամը 10:00-ին ամբողջ երկրում կանգ է առել տրանսպորտը, մարդիկ ընդհատել են իրենց և լռությամբ ու գլխխոնարհումով հարգել նահատակների հիշատակը։
Այս օրը հնչող շչակների տոնայնությունը տարբերվում է օդային տագնապի ազդանշաններից, որոնք վերջին շաբաթներին հաճախ էին լսվում երկրի տարբեր շրջաններում՝ Իրանի, Լիբանանի և Եմենի կողմից իրականացվող գնդակոծությունների պատճառով: Իշխանությունները նախապես զգուշացրել էին բնակիչներին, որ իրական վտանգի դեպքում երկարաձգված (միապաղաղ) ձայնի փոխարեն կհնչի վերելքներով ու վայրէջքներով ընդհատվող ազդանշան, ինչը կհուշի անհապաղ ապաստարան գտնելու անհրաժեշտության մասին:
Հոլոքոստի և հերոսության հիշատակի օրը Երկրորդ համաշխարհային պատերազմում Իսրայելում հաստատված ազգային սգո օր է, որը նվիրված է նացիստների կողմից սպանված հրեաներին։ Այն համապատասխանեցված է Վարշավայի գետտոյի ապստամբության օրերին (1943 թվականի ապրիլի 19 - մայիսի 16)։ Հիշատակի օրը նշվում է նիսան ամսվա 27-ին. Իսրայելում պետական տոներն ու հիշատակի օրերը նշվում են ավանդական հրեական լուսնաարեգակնային օրացույցով, որտեղ օրվա սկիզբը հաշվարկվում է մայրամուտից։ Այս տարի այն համընկնում է ապրիլի 13-ի երեկոյից մինչև ապրիլի 14-ի երեկոն ընկած ժամանակահատվածի հետ։
Հիշատակի միջոցառումները սկսվել են ապրիլի 13-ի երեկոյան՝ Երուսաղեմի «Յադ Վաշեմ» Հոլոքոստի հիշատակի համալիրում կայացած պետական սգո արարողությամբ: Երկրի ղեկավարների ներկայությամբ, համաձայն ավանդույթի, վառվել են վեց ջահեր, որոնք խորհրդանշում են նացիստների և նրանց գործակիցների կողմից սպանված 6 միլիոն հրեաներին: Նույն երեկոյան ամբողջ երկրում մինչև առավոտ փակվել են բոլոր ժամանցի վայրերը, բարերը, ռեստորաններն ու խանութները: Օրվա ընթացքում Իսրայելում չեն հեռարձակվում զվարճալի հաղորդումներ:




























