Ժայթքել է Ինդոնեզիայի Սումատրա կղզում գտնվող Մարապի հրաբուխը։ Այս մասին հայտնում է Ինդոնեզիայի հրաբխագիտության և երկրաբանական աղետների հետևանքների մեղմման կենտրոնը:
Մասնագետների տվյալներով՝ մոխրի սյունը խառնարանից բարձրացել է 1,6 կմ (ինչը ծովի մակերևույթից կազմում է շուրջ 4 491 մ)։ Ժայթքմանը հաջորդել է մոխրի սյան արտանետումը, որն այժմ տարածվում է դեպի հյուսիս-արևելք։ Իշխանությունները հորդորել են բնակիչներին և զբոսաշրջիկներին չմոտենալ խառնարանին 3 կմ շառավղով, ինչպես նաև մոխրից պաշտպանվելու համար կրել դիմակներ։
Մարապին 2891 մետր բարձրությամբ գործող հրաբուխ է, որը գտնվում է Սումատրայի արևմուտքում: 2023 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ժայթքման արդյունքում 22 մարդ է մահացել:
Ինդոնեզիան գտնվում է Խաղաղօվկիանոսյան հրե օղակում և ավելի քան 500 հրաբուխ ունի, որոնցից գործող են մոտ 130-ը:




























