Ապօրինի միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում Վրաստանի ներքին գործերի նախարարության Միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները հատուկ ներգաղթային վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Թբիլիսիում, Զուգդիդիում, Քոբուլեթիում և Բաթումիում։ Այս մասին, հղում անելով երկրի ՆԳՆ-ին, հայտնում է «Գրուզիա Online»-ը։
Համալիր միջոցառումների արդյունքում ձերբակալվել է օտարերկրյա 53 քաղաքացի, այդ թվում՝ Քենիայի, Ուգանդայի, Հնդկաստանի, Թուրքմենստանի, Ֆիլիպինների, Կուբայի, Հորդանանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Գանայի, Զիմբաբվեի և Եթովպիայի քաղաքացիներ։
Գերատեսչության տվյալներով՝ իրականացված միջոցառումների շրջանակում դեպարտամենտի աշխատակիցները ստուգել են կոնկրետ վայրեր և տարբեր նշանակության օբյեկտներ։ Դա ուղղված է եղել Վրաստանում առանց օրինական հիմքերի գտնվող օտարերկրյա քաղաքացիների հայտնաբերմանը։
«Քննությամբ պարզվել է, որ ձերբակալված անձինք երկրում գտնվել են «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքով սահմանված պահանջների խախտմամբ։
Ներկայումս ձերբակալվածները տեղավորված են Միգրացիոն դեպարտամենտի ժամանակավոր պահման կենտրոնում։ Համապատասխան ընթացակարգեր են իրականացվում՝ նրանց երկրից արտաքսելու համար»,— ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։





























