Ժամանակակից պատմության մասին ռուսական սերիալի ստեղծող եւ սցենարիստ Վիկտոր Սողոմոնյանը «Комсомольская правда»-ի հարցազրույցում պատմել է նախագծի ստեղծման հայեցակարգի մասին։
Սողոմոնյանի խոսքով՝ ինքն ու իր ընկերը՝ համապրոդյուսեր Միխայիլ Վոլոբուեւը, դեռեւս 2016թ. որոշել էին, որ արդարացի չէ, որ ժամանակակից պատմության հերոսները մնում են կադրից դուրս։
«Զինվորական եւ քաղաքական գործիչների մասին հաճախ են ֆիլմեր նկարում, իսկ ահա դիվանագետները մնում են կադրից դուրս։ Նրանց մասին ֆիլմերը մեկ-երկուսն են եւ վերջ, իսկ ժամանակակիցների մասին՝ առհասարակ չկան։ 2018թ․ մենք НТВ հեռուստաընկերության հետ միասին պատրաստեցինք «Դեսպանություն» ֆիլմը, որը լավ ընդունելություն գտավ։ Այդ ժանրը պահանջված էր։ Արդեն այդ ժամանակ մենք մտահղացանք «Վարշավա’21» ֆիլմը, որի սիքվելն է «Բեռլին’23»-ը։ Ժանրը քաղաքական դրաման է՝ Հատուկ ռազմական գործողության ֆոնին։ Մեր օրեր, գլխավոր հերոսը՝ ռուս դիվանագետ։ Չէի ցանկանա նրան Ջեյմս Բոնդ անվանել, որովհետեւ Ջեյմս Բոնդը պարզունակ ֆիգուր է։ Իսկ մարդը, որը նման է Վյաչեսլավ Վասիլեւին, հաստատ գոյություն ունի մեր ռուս դիվանագետների շրջանում»,- ասել է Սողոմոնյանը։
Պրոդյուսերի խոսքով՝ սերիալի գլխավոր հերոսը մեծ քաղաքականությունն է, որտեղ խաղադրույքներն անհավանականորեն բարձր են։
«Այո, երբեմն ստիպված ես խուսավարել։ Ստիպված ես ասել ոչ այն, ինչ մտածում ես։ Ստիպված ես այնպես չանել, ինչպես կուզենայիր։ Եվ մեր բոլոր կերպարներն այդպիսին են։ Մեր ֆիլմում չկան բացարձակ չարագործներ։ Քաղաքականությունը հենց նրա համար է, որ ոչ բռնի մեթոդներով, համոզելով, այլ գործիքներով առաջ տանես քո տեսակետը կյանքում»- նշել է նա։
Սողոմոնյանը շնորհակալություն է հայտնել դերասան Դմիտրի Ուլյանովին Գերմանիայի կանցլերի դերակատարման համար։
«Եթե ես գերմանացի լինեի, նրան կընտրեի այդ պաշտոնում»։
Նա ճիշտ է խաղացել ամենաբարձր մակարդակի, ամուր քաղաքական գործչի դերը, որը միաժամանակ ներքնապես մի փոքր կասկածում է, չէ՞ որ խաղադրույքները բարձր են»,- պատմել է ռուսական սերիալի պրոդյուսերն ու սցենարիստը։




























