ԱՄՆ-ին անհրաժեշտ է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, և Վլադիմիր Պուտինի նախագահության շրջանը հիանալի ժամանակ է դրա համար, RT հեռուստաալիքի լրագրող Ռիկ Սանչեսին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է Коммерсантъ-ը։
Լրագրողի դիտարկմանը, թե Բելառուսի և ԱՄՆ-ի միջև նախապատրաստվող գործարքը կարող է լինել Միացյալ Նահանգների փորձը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար, Լուկաշենկոն պատասխանել է. «Չգիտեմ, բայց ես ուրախ կլինեի, եթե Դոնալդ Թրամփը, ի վերջո, մեր խոսակցությունների ու բանակցությունների հետևում շատ ավելին տեսներ»։
«Կարծում եմ՝ դա լիովին հնարավոր է։ Մենք դրա համար ամեն ինչ կանենք, քանի որ հասկանում ենք՝ եթե ամերիկացիները պայմանավորվեն Ռուսաստանի հետ, դա երկու անգամ ավելի լավ կլինի, քան մեզ հետ պայմանավորվելը»,- հավելել է նա։
«Եվ դուք կարող եք պայմանավորվել, հատկապես Պուտինի նախագահության օրոք։ Նա այնպիսի մարդ է, որի հետ կարելի է ոչ միայն խոսել, այլև պայմանավորվել։ Բայց պետք է հստակ հասկանալ. եթե խոստացել ես, պետք է անես»,- եզրափակել է Ալեքսանդր Լուկաշենկոն։