Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին Միլանում ընթացող «Հայրենասերներ հանուն Եվրոպայի» ցույցի ժամանակ կոչ է արել կասեցնել ռուսաստանյան նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, հայտնում է Il Sole 24 Ore-ն։

Ըստ Սալվինիի, անհրաժեշտ է հետևել ԱՄՆ-ի օրինակին, որը «կասեցրել է ռուսաստանյան նավթի նկատմամբ պատժամիջոցները»։ Իտալացի քաղաքական գործիչը նաև կոչ է արել կանգնեցնել ««Կանաչ գործարք» կոչվող գաղափարական հրեշին» և վերադառնալ «միջուկային էներգետիկային»։

Բացի այդ, Սալվինին ցույցի ժամանակ կոչ է արել «իրական ինտեգրման» համար «առաջնահերթություն տալ մշակույթով և արժեքներով մոտ երկրներից ներգաղթին»։

Նա հայտարարել է «ոչ թե զենքի ու պատժամիջոցների, այլ խաղաղության և դիվանագիտության» մեջ ներդրումներ կատարելու անհրաժեշտության մասին՝ «ոչ» ասելով «Մակրոնի և նրա նմանների տենչացած եվրոպական բանակին»։