Եվրոպայում նկատվում է ծնելիության մակարդակի անկում և բնակչության ծերացում։ Euronews-ի վերջին կանխատեսումները ցույց են տալիս, որ ԵՄ բնակչությունը 2025-ից 2100 թվականներին կնվազի 11,7%-ով, հաղորդում է Euronews-ը։ Բնակչությունը 452 միլիոնից կնվազի և կհասնի շուրջ 399 միլիոնի, այսինքն հաջորդ դարի սկզբին մոտ կորուստը կկազմի 53 միլիոն մարդ։ Այդ հաշվարկներում հաշվի են առնվել նաև հնարավոր միգրացիան։

Սակայն բնակչության կանխատեսվող փոփոխությունները մեծապես տարբերվում են Եվրոպայում։ Որոշ երկրներում 2100 թվականին ավելի շատ մարդ կլինի, քան 2025 թվականին, մինչդեռ շատ ուրիշներում անկում է կանխատեսվում։

Ո՞ր երկրներում է բնակչության թվաքանակը ամենամեծը լինելու։ Ո՞ր պետություններում է այդ թիվն աճելու։ Ինչո՞վ է պայմանավորված երկրների միջև այդ տարբերությունները։ Ինչո՞ւ են որոշ երկրներում բնակչության՝ աճ , մինչդեռ մյուսներում՝ անկում գրանցվում։

Եվրոպական 30 երկրներից 12-ում կանխատեսվում է բնակչության աճ, այն դեպքում, երբ մինչև 2100 թվականը 18 երկրում կանխատեսվում է բնակչության թվի նվազում։

Ամենաշոշափելի կորուստները, որոնք կգերազանցեն 30%-ը, կանխատեսվում են Լատվիայում (33,9%), Լիտվայում (33,4%), Լեհաստանում (31,6%) և Հունաստանում (30,1%): Դա նշանակում է, որ մինչև 2100 թվականը վերոնշյալ երկրները կարող են կորցնել յուրաքանչյուր տասը բնակչից ավելի քան երեքին։

Բնակչության ավելի քան 20%-ով նվազում է կանխատեսվում նաև Բուլղարիայում (28%), Խորվաթիայում (27%), Սլովակիայում (26,7%), Ռումինիայում (24,3%), Իտալիայում (24%) և Հունգարիայում (22,5%): Դա համադրելի է մոտավորապես յուրաքանչյուր չորս բնակչից մեկի կորստին, ինչը չափազանց լուրջ ցուցանիշ է։

10%-ից մինչև 20% անկում է կանխատեսվում Պորտուգալիայում (19,3%), Էստոնիայում (19,1%), Չեխիայում (11,5%), Ֆինլանդիայում (10,7%), Սլովենիայում (10,6%) և Գերմանիայում (10,6%)։

Եվ ընդհակառակը, երեք եվրոպական երկրներում, չնայած իրենց համեմատաբար փոքր բնակչությանը, կանխատեսվում է բնակչության ավելի քան 25%-ի աճ. Լյուքսեմբուրգ (36,4%), Իսլանդիա (27,1%) և Մալթա (26%)։

Շվեյցարիայում (16,9%), Իռլանդիայում (14,6%), Նորվեգիայում (11,8%) և Շվեդիայում (10%) նույնպես բնակչության ավելի քան 10%-ի աճ է կանխատեսվում։