Իռլանդիայի Քիլդեր կոմսությունում վաճառքի է հանվել մի ամբողջ գյուղ՝ « Village at Lyons («Գյուղ Լիոնում»)։ Նոր սեփականատերը 20 միլիոն եվրոյով կարող է ձեռք բերել Դուբլինի մոտակայքում գտնվող պատմական համալիր՝ քարե տներով, պանդոկով, եկեղեցիով, ջրաղացով և ջրանցքի տարածքով։

Գյուղը մի ժամանակ անկում էր ապրել, սակայն 1990-ականներին այն վերականգնվել է Ryanair-ի հիմնադիր Թոնի Ռայանի ղեկավարությամբ, գրում է Bild-ը։ Հայտարարության նկարագրության մեջ նշվում է, որ վերականգնման ջանքերը գործադրվել են գյուղի պատմական բնույթը պահպանելու համար։ 2016 թվականից ի վեր համալիրը պատկանում է ներդրող Բարի Օ'Քալահանին, որն այնտեղ բացել է շքեղ Cliff at Lyons հյուրանոցը։

Village-ը վաճառվում է ոչ միայն որպես անշարժ գույք, այլև գործնականում պատրաստի պատմական գյուղ։ Առաջարկվում է գյուղը իբրև հյուրանոցային համալիր կամ մասնավոր կեցավայր օգտագործել։