Քենիական շիլինգը համարվում է Աֆրիկայի ամենախոցելի արժույթներից մեկը։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ Citigroup, Standard Chartered և Societe Generale խոշորագույն բանկերը կանխատեսում են դրա հետագա արժեզրկումը։
Հիմնական պատճառը նավթի բարձր գներն են։ Քենիան գրեթե ամբողջությամբ ներկրում է իրեն անհրաժեշտ վառելիքը։ Standard Chartered-ի կանխատեսմամբ՝ մինչև տարեվերջ մեկ դոլարի դիմաց շիլինգի ներկայիս փոխարժեքը 129-ից կհասնի 132-ի։ Իսկ եթե նավթի գինը գերազանցի 100 դոլարի շեմը, Citigroup-ը չի բացառում, որ արժույթը կարող է գահավիժել մինչև 135-ի ցուցանիշը։ Դա վերջին երկու տարվա ամենացածր կետն է։ Իրավիճակն էլ ավելի է բարդանում Մերձավոր Արևելքից նավթի ներկրման կախվածության և Ծոցի երկրներից ստացվող տրանսֆերների պատճառով, որոնք կազմում են երկրի ընդհանուր եկամուտների 10%-ը։
Քենիայի Կենտրոնական բանկը պնդում է, թե շուկայական տատանումները զսպելու համար ունի բավարար չափով՝ 13,3 միլիարդ դոլարի պահուստներ։ Պատերազմի սկսվելուց ի վեր (ընդամենը հինգ շաբաթվա ընթացքում), Քենիան ծախսել է մոտ 1 միլիարդ դոլար։ Ընթացիկ հաշվի պակասուրդի կանխատեսումը վատթարացել է՝ հասնելով ՀՆԱ-ի 3%-ին։ Տուժել է նաև թեյի և ծաղիկների արտահանումը, որը երկրի արտարժութային եկամուտների հիմնական աղբյուրն է։ Ստեղծված իրավիճակում իշխանություններն արդեն դիմել են Համաշխարհային բանկին՝ արտակարգ ֆինանսավորում ստանալու խնդրանքով։
Ֆոնդային շուկան նույնպես ճնշման տակ է. Նայրոբիի ֆոնդային բորսայում արդեն հինգերորդ եռամսյակն անընդմեջ օտարերկրյա կապիտալի արտահոսք է գրանցվում, ընդ որում՝ պատերազմի սկսվելուց հետո այդ տեմպերը կրկնապատկվել են։



























