Financial Times-ը, հղում անելով իր իրազեկ աղբյուրներին, հայտնում է, որ Թրամփի «Խաղաղության խորհրդի» ներկայացուցիչները բանակցել են դուբայական պետական DP World ընկերության հետ։ Քննարկվել է Գազայի հատվածում մատակարարման շղթաների կառավարման, պահեստային լոգիստիկայի և բեռների վերահսկման համակարգերի շուրջ հնարավոր գործընկերության հարցը։

Քննարկվող նախագծերի թվում են Գազայի հատվածում կամ Եգիպտոսի ափին նոր նավահանգստի կառուցումը և հատվածի տարածքում ազատ տնտեսական գոտու հիմնումը։ Ըստ FT-ի ձեռքի տակ հայտնված հայեցակարգի նախագծի՝ նպատակն է ստեղծել «անվտանգ և վերահսկելի մատակարարման համակարգ» ու «նավահանգստային տնտեսական էկոհամակարգ»։ Աղբյուրների փոխանցմամբ՝ բանակցությունները սկսվել են դեռ անցյալ տարվա վերջին, սակայն DP World-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ տեղեկություն չունի այդ քննարկումների մասին։

Այս նախաձեռնությունը տեղավորվում է պաղեստինյան տարածքներում ենթակառուցվածքների և ծառայությունների սեփականաշնորհմանն ուղղված ԱՄՆ-ի հավակնոտ, սակայն խիստ քննադատության ենթարկվող ծրագրերի համատեքստում։ Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը մնում է օրհասական. Իսրայելը շարունակում է սահմանափակել ապրանքների մատակարարումը, իսկ վերակառուցման աշխատանքներն այդպես էլ չեն սկսվել։ Ըստ ԵՄ-ի, ՄԱԿ-ի և Համաշխարհային բանկի համատեղ գնահատականի՝ առաջիկա տասը տարիների ընթացքում Գազայի վերականգնման համար կպահանջվի 71,4 միլիարդ դոլար։