Հայաստանում խորհրդարանական ընտրությունների շեմին սոցիոլոգները շտապում են հանրությանը ներկայացնել իրենց կանխատեսումները: Այդ համատեքստում առավել ակտիվությամբ առանձնանում են «Սոցիոմետր» սոցիոլոգիական ծառայության ղեկավար Ահարոն Ադիբեկյանն ու Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը:

Ըստ Ադիբեկյանի օրերս արված կանխատեսման` կուսակցությունների վարկանիշը հետեւյալն է.  ՀՀԿ-ն ունի 16,0%, ԲՀԿ-ն՝ 14,7 %, ՀԱԿ-ն ունի 3,5%, ՀՅԴ-ն՝ 2,5%, ՕԵԿ-ն ունի 2,1%, «Ժառանգությունը»՝ 2,1%, իսկ «Ազատ դեմոկրատները»` 0,1%: ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարանում կհայտնվի 6 կուսակցություն՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», ՕԵԿ:

Ադիբեկյանի գնահատմամբ` գալիք ընտրությունների ելքը որոշվելու է ՀՀԿ-ԲՀԿ մրցակցության արդյունքում: «Ներկա պահին ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի «վարկանիշները» մոտ են իրար, թեեւ ԲՀԿ-ն 4-5 ամիս է՝ զբաղվում է իր իմիջի ամրապնդմամբ, իսկ ՀՀԿ-ն շատ թույլ է արձագանքել ՀԱԿ-ի «երկխոսության հրավերներին»: Կրկնվում է 2007թ. սցենարը, երբ ԲՀԿ-ն մեծ միավորներ հավաքեց, բայց չկարողացավ պահպանել իր առավելությունը: Ակնհայտ է, որ 2007թ. հունվարին ԲՀԿ-ն առավելություն ուներ ՀՀԿ-ի նկատմամբ, իսկ այժմ այն ավելի համեստ է»,- եզրափակեց Ա. Ադիբեկյանը:

Գեւորգ Պողոսյանի գնահատմամբ` ընտրողների ձայների 75 տոկոսը բաժին է ընկնելու ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին եւ ՀԱԿ-ին. «Այսօրվա վիճակով, պարզերեւում է, որ անցողիկ վարկանիշով Ազգային ժողովումընդգրկվելու են երկու իշխանական ու մեկ ընդդիմադիրկուսակցություն, այսինքն ընտրություններն ընթանալու են 2+1բանաձեւով»:

Վերոնշյալ կուսակցություններից հետո, Գեւորգ Պողոսյանի խոսքով, անցնելու շանսեր ունեն  ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», «Օրինաց երկիրը», որոնք իրար մեջ են մրցելու, բայց կարող է նույնիսկ չանցնեն:  Նրա խոսքով՝ տարիների փորձը ցույց է տալիս, որ նախագահական ընտրություններին քաղաքացիներն ավելի ակտիվ են լինում, քան` խորհրդարանականին: Այս անգամ նա կանխատեսեց  55-56 տոկոս մասնակցություն՝ շեշտելով, որ նախորդ տարիների համեմատ աճել է քաղաքացիական ակտիվությունը երիտասարդների շրջանում:

Ընդհանուր առմամբ՝  Պողոսյանի ներկայացմամբ՝  կանխատեսելի արդյունքներով, անսպասելի դեպքերով  դժվար ընտրություններ կլինեն եւ սպասվում է լուրջ պայքար, ամենաանակնկալ կոնֆիգուրացիաների ձեւավորում:

ԱԺ պատգամավոր ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի գնահատմամբ` հրապարակված սոցիոլոգիական հարցումների թվերի առնչությամբ հնչում են տարբեր գնահատականներ,  սակայն քաղաքական կոնֆիգուրացիան արտացոլում են: «Այդ թվերը մոտ են իրական պատկերին, բայց դրանք չեն կարող լինել բացարձակ թվեր: Ամեն դեպքում դա այսօրվա մեր ունեցած պատկերն է: Բայց չմոռանանք որ ամեն ինչ առջեւում է, քանի որ առջեւում են նախընտրական բոլոր աշխատանքները: Դրանից հետո էական բաներ կփոխվեն: Իրական թվերը կտեսնենք առջեւում »,- ասաց Ավագյանը, նշելով, որ սոցիոլոգիական հարցումների թվերի առնչությամբ հնչում են տարբեր գնահատականներ:

Իսկ ահա ընդդիմության ներկայացուցիչները լուրջ չեն վերաբերում այդ սոցիոլոգիական հարցումներին, նշելով, որ դրանք եւս իշխանությունների ձեռքին գործիք են: