Ռուսաստանը «Մեծ քսանյակ»-ի (G20) գագաթնաժողովին բարձր մակարդակով մասնակցելու հրավեր է ստացել, սակայն վերջնական որոշում դեռևս չկա։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։

«Ամենաբարձր մակարդակով ներկա գտնվելու հրավեր կա, բայց տեսնենք, թե վերջնաժամկետի մոտ ինչ կլինի. Աստված գիտի, թե մինչ այդ ինչեր տեղի կունենան»,- ասել է նա։

G20-ի գագաթնաժողովը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին Մայամիում։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ այժմ չի քննարկվում ԱՄՆ-ում կայանալիք միջոցառմանը նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության հարցը։

Վերջին անգամ Պուտինը G20-ի գագաթնաժողովին անձամբ մասնակցել է 2019 թվականին Ճապոնիայում, որտեղ հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հաջորդող տարիներին գագաթնաժողովներում Ռուսաստանը ներկայացրել են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը։

G20-ը աշխարհի խոշորագույն տնտեսությունների ոչ պաշտոնական ֆորում է, որը միավորում է 19 երկիր, ինչպես նաև Եվրոպական և Աֆրիկյան միությունները և քննարկում է համաշխարհային տնտեսությանն ու ֆինանսական քաղաքականությանն առնչվող հարցերը։