Ապրիլի 23-ին, «Ֆորեքս» շուկայում ինդոնեզական ռուփիի փոխարժեքը նվազել է՝ մեկ դոլարի դիմաց հասնելով մինչև 17 310,9-ի։ Այն մեկ օրվա ընթացքում կորցնելով շուրջ 0,8%: Ինչպես նշում է «Bloomberg»-ը, սա սեպտեմբերից ի վեր գրանցված ամենակտրուկ մեկօրյա անկումն է։
Ապրիլի սկզբից ի վեր արժույթն արժեզրկվել է գրեթե 2%-ով՝ հայտնվելով Ասիայի զարգացող երկրների ամենաթույլ արժույթների շարքում։ Միաժամանակ, Ինդոնեզիայի ֆոնդային ինդեքսը նվազել է ավելի քան 2%-ով, իսկ տասնամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունն աճել է մինչև 6,7%:
Շուկաների վրա ճնշումն ուժգնանում է նավթի համաշխարհային գների աճի ֆոնին, ինչն ավելացնում է երկրի բյուջեի բեռը՝ վառելիքի և գազի սուբսիդավորման ծախսերի պատճառով։ Սա տեղի է ունենում կառավարության կողմից ավելի վաղ հայտարարված բյուջետային լայնածավալ ծրագրերի համատեքստում։
Ինդոնեզիայի բանկը հայտարարել է ռուփիի փոխարժեքը կայունացնելու նպատակով արժութային ինտերվենցիաներն ակտիվացնելու մտադրության մասին։ Կարգավորողը նաև նշել է, որ գլոբալ անորոշությունն ու աշխարհաքաղաքական լարվածությունը ստիպում են ներդրողներին ապավինել ավելի ապահով ակտիվների, ինչն էլ լրացուցիչ ճնշում է գործադրում զարգացող երկրների արժույթների վրա։




























