Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի օրը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը «անվտանգության երեք խոշոր փաստաթուղթ» է ստորագրել Սաուդյան Արաբիայի, Կատարի և Միացյալ Արաբական Էմիրությունների հետ։ Դրանք վերաբերում են անօդաչու թռչող սարքերի և պաշտպանական կարողությունների ոլորտում համագործակցությանը։
«Սա բազմաթիվ տարբեր պայմանագրերի կհանգեցնի ինչպես Ուկրաինայի մասնավոր, այնպես էլ պետական հատվածների հետ»,- ասել է նա։
Զելենսկին նշել է, որ «թեև Shahed անօդաչու սարքը կարող է արժենալ 80,000-ից մինչև 130,000 դոլար, այն կարելի է որսալ ընդամենը 10,000 դոլար արժողությամբ համակարգերի օգնությամբ»․ սա շատ ավելի էժան է, քան միլիոնավոր դոլարներ արժողությամբ հակաօդային պաշտպանության ավանդական հրթիռները։
«Մենք ցանկանում ենք օգնել նրանց պաշտպանվել։ Եվ մենք կշարունակենք նման գործընկերային հարաբերություններ կառուցել այլ երկրների հետ», - ասել է նա։ Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան պատրաստ է տրամադրել փորձագիտական գիտելիքներ, ուսումնական առաքելություններ և տարբեր ռազմական համակարգերի ինտեգրման համար նախատեսված ծրագրային ապահովում, ինչպես նաև մատչելի անօդաչու սարքեր ու համատեղ արտադրության գործարաններ։
Նա նաև ասել է, որ նման համագործակցությունը պետք է տարածվի նաև Միացյալ Նահանգների վրա։
«Ես հպարտ կլինեի, եթե մենք կարողանայինք դա անել, որովհետև մենք շատ շնորհակալ ենք ԱՄՆ-ին իրենց աջակցության համար», - ասել է նա։
Նա նաև աջակցություն է հայտնել Մերձավոր Արևելքում գործող հրադադարի ռեժիմին՝ հայտարարելով, որ մարտական գործողությունների ցանկացած դադար օգնում է կյանքեր փրկել։
«Կարծում եմ՝ պատերազմում ցանկացած դադար լավ է, որովհետև դուք դադարում եք մարդկանց կորցնել… Եթե կարող ես կյանքեր փրկել, դա միշտ էլ հիանալի է, — ասել է Զելենսկին։ — Իհարկե, կայուն խաղաղությունը պատերազմին վերջ դնելու լավագույն միջոցն է, բայց եթե տվյալ պահին դա հնարավոր չէ, ապա ցանկացած դադար էլ կարող է օգտակար լինել»։





























