Ամերիկյան մի շարք բյուջետային ավիաընկերություններ, այդ թվում՝ Frontier Airlines-ը և Avelo Airlines-ը, 2,5 միլիարդ դոլարի օգնություն են հայցում պետությունից։ Դրա դիմաց նրանք առաջարկում են արժեթղթեր, որոնք հետագայում կարող են վերածվել ընկերությունների բաժնեմասերի։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Ըստ աղբյուրների՝ այս գումարը հաշվարկվել է՝ հիմնվելով այն կանխատեսումների վրա, թե որքան կավելանան ավիավառելիքի ծախսերն այս տարի։ Հաշվարկները ցույց են տալիս, որ մինչև տարեվերջ վառելիքի միջին գինը կպահպանվի մեկ գալոնի դիմաց 4 դոլարից բարձր մակարդակում։
Ամերիկյան խոշոր ավիաընկերությունները, այդ թվում՝ United Airlines-ը և American Airlines-ը, ավելի վաղ վատթարացրել էին իրենց տարեկան կանխատեսումները։ Դա պայմանավորված է եղել Մերձավոր Արևելքում բռնկված հակամարտության հետևանքով վառելիքի գների կտրուկ աճով։ Սպասվում է, որ մոտ ժամանակներս իրենց կանխատեսումները կներկայացնեն նաև մի շարք բյուջետային ավիափոխադրողներ։
The Wall Street Journal-ը նշում է, որ անցյալ շաբաթ մի քանի լոուքոսթերների ղեկավարներ Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆիի և Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության ղեկավար Բրայան Բեդֆորդի հետ։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Տրանսպորտի նախարարության ներկայացուցիչներն ավիաընկերությունների խնդրանքն արդեն փոխանցել են Սպիտակ տուն։
Ակնկալվում է, որ տնտեսական օգնության հնարավոր փաթեթի շուրջ բանակցությունները կշարունակվեն առաջիկա օրերին։ Ըստ պարբերականի աղբյուրների՝ բյուջետային ավիաընկերություններին հույս է ներշնչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ իրեն դուր է գալիս, «երբ ավիաընկերությունները շատ են, քանի որ դա կարող է մրցակցություն ապահովել»։





























