Համայնքների բյուջեների սեփական եկամուտները, ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության տեղեկատվության, 2011 թ. կազմել են մոտ 22 մլրդ դրամ: Սա արդեն իսկ ցույց է տալիս, թե կառավարության կողմից չեղյալ հայտարարված 43 մլրդ դրամ հողահարկի ու գույքահարկի ապառքը (ժամանակին չվճարված հարկերն ու դրանց վրա հաշվարկված տույժերը) ինչ էական նշանակություն ուներ համայնքների համար:
Փաստորեն` կառավարության կողմից քաղաքացիներին ու գործարարներին զիջված գումարը հավասարազոր է համայնքների 2 տարվա սեփական եկամուտների ծավալին: Հիշեցնենք` համայնքների սեփական եկամուտներն են գույքահարկը, հողի հարկը, տեղական տուրքերը, պետական որոշ տուրքեր, գույքի վարձակալությունից եկամուտները):
Համեմատության համար նշենք. 2011 թ. համայնքների եկամուտը հողահարկի գծով կազմել է 4.4 մլրդ դրամ, այն դեպքում` երբ զիջված ապառքները հողահարկի գծով կազմել են 26.2 մլրդ դրամ: Համայնքների եկամուտը գույքահարկի գծով 2011 թ. կազմել է 11.8 մլրդ դրամ, իսկ զիջված ապառքը` 17.6 մլրդ դրամ:
Այսպիսով` ապառքների հիմնական մասը գոյանում է հողահարկի գծով, հիմնականում այն պատճառով, որ «անհաջող» տարիներին գյուղացիները չեն կարողանում հարկերը պատշաճ վճարել: Ընդ որում` գյուղացիների համար հավասարապես անհաջող են ինչպես անբերրիության, այնպես էլ չափազանց բարձր բերրիության տարիները: Առաջին դեպքում իրացնելու բան չկա, երկրորդ դեպքում` առատության պատճառով իրացման գները չափազանց ցածր են կամ բերքը իրացնել հնարավոր չէ:
Վերջին տարիներին համայնքների ֆինանսական կարգապահությունը բարելավվել է` հողահարկի ու գույքահարկի հավաքագրման աստիճանը բավական բարձրացել է: Նույնիսկ ճգնաժամային 2009-ին գույքահարկը հավաքագրվել է 110 %-ով, իսկ համեմատաբար բարենպաստ 2011 թ.` ընդամենը 92.5 %-ով: Հողահարկի հավաքագրման աստիճանը եւսդ կայուն գհերազանցում է 90 %-ը, իսկ դա նշանակում է, որ խոշոր ապառքներ չեն կոտակվի:
Սակայն պետք է նշել, որ համայնքների բյուջեների կառուցվածքն այնպիսին է, որ սեփական եկամուտների թերհավաքագրումը համայնքի համար դեռ բյուջետային ճգնաժամ չի ստեղծում: Պատճառն այն է, որ համայնքի եկամուտների մոտ երեք քառորդը դոտացիա է` պետական բյուջեից: Այս հանգամանքը համայնքին ֆինանսական կախվածության մեջ է դնում կենտրոնական իշխանությունից, իսկ դա իր հերթին առաջացնում է վարչական կախվածություն: Սա այն պատճառներից մեկն է, թե ինչու համայնքային իշխանությունը բավարար շահագրգռվածություն չի ցուցաբերում սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը բարելավելու համար: Հատկանշական է, որ Հայաստանի գրեթե բոլոր խոշոր համայնքները, ներառյալ Երեւանը, «նստած են» դոտացիաների վրա: Ընդ որում` Երեւանի դոտացիան 2011 թ. կազմել է մոտ 9 մլրդ դրամ, սեփական եկամուտը` մոտ 13 մլրդ դրամ:
Հնարավոր է` համայնքային իշխանությունները այսօր բավարար պատրաստ չեն ֆինանսական ինքնուրույնության ընդլայնմանը: Սակայն նշենք, որ տեղական ինքնակառավարման լիարժեք կայացումը առանց ֆինանսական ինքնուրույնության ընդլայնման անհնար է:
Սամվել Ավագյան




























