Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2012 թ. փետրվարի 24-ին ստացել է անանուն ծրար, որը գրասենյակ է բերվել քաղաքացու կողմից, ով խնդրել է այն փոխանցել կազմակերպության նախագահին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ծրարի մեջ տեղադրված է եղել զեկուցագիր՝ ուղղված ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Ա. Մխոյանին ՔԿՀ բժիշկ Ն. Սարգսյանից, որում վերջինս հայտնում է, որ բանտարկյալ Սլավիկ Ոսկանյանի զննության արդյունքում հանգել է այն եզրակացության, որ վերջինիս առողջական վիճակը կարող է ունենալ հետագա վատթարացում եւ այդ կապակցությամբ խնդրել է ՔԿՀ-ի պետից տալ հետագա ցուցումներ:
«Հատկանշական է, որ թեեւ Սլավիկ Ոսկանյանի «Վանաձոր» ՔԿՀում մահվան առնչությամբ քրեական գործն արդեն շուրջ 1 տարի քննվում է, այնուամենայնիվ նախաքննության ընթացքում փաստաթուղթն առկա չի եղել, եւ այժմ այն անհայտ քաղաքացու կողմից բերվել է կազմակերպություն:
Կարծում ենք, որ այս փաստաթուղթն ուշադրության կարժանանա իրավապահ մարմինների կողմից «Վանաձոր» ՔԿՀ-ում Սլավիկ Ոսկանյանի մահվան հանգամանքներն ուսումնասիրելու հարցում:
Հիշեցնենք, որ Սլավիկ Ոսկանյանը մեղադրվում էր վանաձորցի Սվետլանա Կազազյանի սպանության եւ Աստղիկ Աղաբեկյանի նկատմամբ կատարված ավազակային հարձակման մեջ: 2010 թ. հոկտեմբերի 24-ին, ըստ նախաքննության մարմնի, նա մահացել է գազային գանգրենայից «Վանաձոր» ՔԿՀ-ում»,-ասված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդագրության մեջ:





























