Ի պաշտպանություն Մաշտոցի այգու բողոքի ակցիաներ կազմակերպող ակտիվիստների 90 տոկոսը հեռուն գնացող քաղաքական նպատակներ ունի, իսկ ակցիաները ուղղորդված են արտերկրից  եւ Հայաստանից, նպատակն էլ երկրում վիճակն ապակայունացնելն է: Այսօր՝  փետրվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման «սենսացիոն բացահայտում» արեց ՀՀԿ-ական պատգամավոր, «Եվրոստան Ույուտ» ընկերության սեփականատեր Մանվել Բադեյանը ՝ հավելելով, որ ինքը խորամուխ է եղել այդ խնդրում եւ իր հայտարարություններն անում է ամենայն պատասխանատվությամբ՝ ունենալով հստակ փաստեր:

Նա բողոքի ակցիաների մասնակիցներին բաժանեց երեք խմբի: Առաջինը՝ արտերկրից եւ Հայաստանից ուղղորդվողներն են, որոնք, ըստ նրա կազմում են 90 տոկոսը, երկրորդը հատվածն ազնիվ մարդիկ են (10 տոկոս), իսկ երրորդ հատվածին նա անվանեց «մարտնչող տգիտության գաղափարակիրներ»:

Բադեյանի ներկայացմամբ, ակցիայի մասնակիցները ցանկանում են իրենց մշակույթը ներդնել Հայաստանում: «Այսքան տարի երկիրը քանդում էին, անտառները կտրվում էին, բա որտե՞ղ էին բնապահպանները:  Ընդհուպ մինչեւ սատանիստ կա նրանց մեջ: Էնքան ենք ցնորվել, որ սատանիստի հետեւից պիտի գնա՞նք, թե՞ քաղաքապետի»,- ասաց պատգամավորը: («սատանիստ» ասելով, թերեւս, նկատի ունի ակտիվիստներից Բայանդուր Պողոսյանին, ում մասին սոցիալական ցանցերում նման լուրեր տարածվեցին-խմբ):

Մանվել Բադեյանի կարծիքով՝  այդտեղ այգի չկար, զիբիլանոց էր, կրպակները տեղադրվելու են ժամանակավոր, որեւէ ծառ կամ ճյուղ չի տուժել:  Նա հայտարարեց, որ եթե  երկու տարի հետո «Հին Երեւան» ծրագրի իրականացմանը  զուգահեռ կրպակները չքանդվեն, ապա ինքը կհեռանա քաղաքականությունից:

Մանվել Բադեյանի  խոսքով՝ քաղաքական որոշում է կայացվել եւ Աբովյան փողոցն ազատվել է այդ կրպակներից,  բայց ծագեց սոցիալական խնդիր, կրպակատերերը պետք է կարողանան տուն պահել:

Դիտարկմանը, թե դժվար թե այդ կրպակատերերը սովորական մարդիկ լինեն, ում համար դա հանապազօրյա հացի խնդիր է լուծում, պատգամավորը նշեց, որ ինքը մտահոգվում է այդտեղ աշխատող մարդկանց ճակատագրով: 

Նշենք, որ դեռ ամիսներ առաջ, երբ Երեւանի փողոցներն ազատվում էին կրպակներից եւ վերջիններիս տերերը բողոքի ակցիաներ էին կազմակերպում, պահանջելով իրենց «չկտրել հանապազօրյա հացի աղբյուրից», որեւէ ՀՀԿ-ական պատգամավոր նրանց շահերը չպաշտպանեց:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի