Հայաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները բազմազան են ու բազմաբովանդակ  եւ ներառում են մարդկային գործունեության բոլոր ոլորտները` սկսած տնտեսական ոլորտից, վերջացրած քաղաքացիական հասարակության ձևավորման գործում տեխնիկական եւ ֆինանսական օժանդակությունից: Այս մասին ասել է Հայաստանի վարաչպետ Տիգրան Սարգսյանը` երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում փետրվարի 25-ին տեղի ունցած «Ա-ից Ա. (Հայաստանից (Արմենիայից ) ԱՄՆ) Հարմոնիայի աշխարհ» խորագրով համերգից առաջ:

«Մենք կարեւորում ենք Միացյալ Նահանգների դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության ապահովման եւ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում: Մենք լի ենք վճռականությամբ` խորացնելու եւ ընդլայնելու մեր բարեկամական կապերը, որովհետեւ վստահ ենք, որ այդ կապերը նպաստելու են մեր ժողովուրդների բարգավաճմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը` շնորհավորելով հայ եւ ամերիկացի ժողովրդին`երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ:

«Այսօրվա մեր հանդիպման խորհուրդը ներդաշնակությունն է, ինչը ես տեսնում եմ նաեւ հայ-ամերիկյան հարաբերություններում: Գնահատելով երկկողմ հարաբերությունները` ինձ համար շատ տպավորիչ ձեւակերպում տվեց ԱՄՆ-ի դեսպանը. հայ-ամերիկյան հարաբերությունները վերելք են ապրում եւ, ըստ դեսպանի, դրանք երբեւէ չեն գտնվել այնքան բարձր մակարդակում, ինչպիսին գտնվում է նախագահներ` Օբամայի եւ Սարգսյանի օրոք»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նշենք, որ համերգային նախագիծն իրականացվել է «Լույս» հիմնադրամի, Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի եւ ԱՄՆ դեսպանատան համագործակցությամբ: