ԵՄ-ի հետ բանակցությունները առաջիկա ընտրությունների հետ կապելը սպեկուլյատիվ բնույթ է կրում: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Խրիստեանը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ վիզային ռեժիմի մեղմացման վերաբերյալ բանակցությունների մեկնարկին նվիրված ճեպազրույցի ժամանակ:
Պատասխանելով այն հարցին, թե կարող են Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունները ազդել բանակցությունների ընթացքի վրա` դեսպանը հիշեցրել է, որ ԵՄ-ն միշտ էլ հայտարարել է առաջիկա ընտրությունները բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտության մասին: «Բայց այդ երկու իրադարձությունները կապելը սպեկուլյատիվ բնույթ է կրում»,-շեշտել է դեսպանը` հավելելով, որ երկու կողմն էլ շահագրգռված է բանակցությունների բարեհաջող շարունակության մեջ:
Պատասխանելով հենց նույն հարցին` Հայաստանի փոխարտգործնախարար Զոհրապ Մնացականյանը ընդգծել է, որ Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունների հիմքում ընկած են համամարդկային արժեքներ, իսկ գլխավոր նպատակը` ժողովրդավարական պետության կառուցումն է, իսկ ընտրությունները նշաձող են այդ ճանապարհին: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները հետագայում եւս բարեհաջող զարգացում կունենան:




























