«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում արդեն երրորդ նստաշրջանն անընդմեջ արտարժույթի առուվաճառքի գործարք չի կայանում: Սա այն պարագայում, որ դոլարի առաջարկի փոխարժեքը շարունակում է նվազել: Այսօր` փետրվարի 27-ին դոլարը բորսայում առաջարկվել է 389 դրամով, ուրբաթ օրվա 389.25 դրամի փոխարեն, սակայն, միեւնույն է` գործարք չի կայացել:
Նշենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկը 2.45 մլն դոլարի վաճառք է իրականացրել բորսայում` 1 դոլար/389.86 դրամ փոխարժեքով: Ամենայն հավանականությամբ` դա տեղի է ունեցել փետրվարի 22-ին, երբ դոլարի փոխարժեքը բորսայում հասավ այս տարվա ընթացքում իր առավելագույն մակարդակին` 1 դոլար/389.89 դրամ: Այդ ինտերվենցիայից հետո էլ բորսայում ստեղծվել է անորոշություն` բանկերը զգուշանում են դոլար գնել:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքնուվաճառքն իրականացվում է 387-390 դրամ միջակայքում, առանց էական փոփոխությունների:




























