Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ բավական ակտիվ երկխոսություն է ընթանում: Այդ մասին Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ վիզային ռեժիմի մեղմացման վերաբերյալ բանակցությունների մեկնարկին նվիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Մնացականյանի խոսքով, հարաբերությունները եւ շփումները զարգանում են տարբեր մակարդակներով: «Հայկական բանակցող խումբը մոբիլիզացված է, աշխատում է տարբեր գերատեսչությունների`ոստիկանության, ԱԱԾ-ի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Միգրացիոն ծառայության, ԱԳՆ-ի, Արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ»,-նշել է փոխնախարարը: Նա նաեւ հիշեցրել է, որ Հայաստանը երկկողմ մակարդակով 12 պայմանագիր ունի ԵՄ անդամ երկրների հետ: «Մեր փորձը թույլ է տալիս մտածել, որ բանակցությունները հաջող ընթացք կունենան»,-նշել է Մնացականյանը:

Դեռեւ վաղ է խոսել այն մասին, թե հասարակության որ խմբերի վրա կազդի վիզայի ռեժիմի մեղմացման պայմանագիրը, բայց փոխնախարարը հավաստիացրել է, որ հայկական կողմը ջանքներ կգործադրի, որ պայմանագիրը հնարավորինս շատ խմբեր ընդգրկի: Զոհրաբ Մնացականյանի խոսքով, վաղ է նաեւ խոսել մեկնարկած բանակցությունների ավարտի ժամկետների մասին, բայց «խոսքը տարիների մասին չէ»: