Եվրամիության արտգործնախարարները հավանություն են տվել Սերբիային ԵՄ-ի անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու որոշմանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար  Ալեն Ժյուպեն: 

Ավելի վաղ մի քանի վերլուծաբաններ արդեն հայտարարել էին, որ Կոսովոյի հարցում զիջումների գնալով, Սերբիան բարձրացնում է Եվրամիություն մուտք գործելու իր հնարավորությունները, որը, երեւի թե, Սերբիայի նախագահ Բորիս Թադիչի նախընտրական ամենագլխավոր խոստումն էր, գրում է «Ռոսիսկայա գազետան»: Դեկտեմբերին ԵՄ-ի գագաթաժողովը տվյալ հարցով որոշում չկայացրեց: Բրյուսելում հասկացրել էին, որ  ԵՄ-ին Սերբիայի միանալու բանակցությունների սկիզբը կախված կլինի Պրիշտինայի հետ նրա հարաբերությունների կարգավորման առաջընթացից:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Բրյուսելի բանակցություններում Սերբիան եւ Կոսովոն հանգել էին տարածաշրջանային համագործակցության եւ անցակետերում համատեղ վերահսկման համաձայնության:

Մինչդեռ, տվյալ համաձայնությունը սերբիական ընդդիմադիրները գնահատել էին որպես «Սերբիայի ստորացում» եւ նույնիսկ  «պետական դավաճանություն»: