Ղազախստանը կայուն պետություն է` քաղաքացիական կայուն հասարակությամբ: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզջիգիթովը փետրվարի 28-ի մամլո ասուլիսում: 

Լրագրողների հետ հանդիպումը նվիրված է եղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի` երկրի բնակչությանն ուղղված կոչի շնորհանդեսին: Բերելով որոշակի վիճակագրական տվյալներ` դեսպանը հայտնել է, որ 2011 թվականին ՀՆԱ-ն աճել է 7,5%-ով, եւ կազմում է 11 հազար 200 դոլար:  «Զարգացման գլխավոր վեկտորը սոցիալական ուղղությունն է», - նշել է դեսպանը` ընդգծելով տնտեսական հաջողությունների եւ բնակչության բարօրության միջեւ արդյունավետ հավասարակշռության կարեւորությունը:  Ըստ նրա` պետությունն իրականացնում է մի շարք ծրագրեր կրթական ոլորտում, մասնավորապես, ամեն տարի 3 հազար ուսանողներ հնարավորություն են ստանում սովորելու արտերկրում: Բնակշինարարության ոլորտն ամեն տարի ապահովվում է 6 միլիոն քմ բնակտարածքով: 2020 թվականին աշխատանքով կապահովվի 1,5 միլիոն մարդ:

Ինչ վերաբերում է քաղաքացիական կայուն հասարակության զարգացմանը, դեսպանը նշել է, որ Ղազախստանում ապրում են շուրջ 140 ազգերի ներկայացուցիչներ, աշխատանքի կարգավորման համար ստեղծվել է Ղազախստանի ազգերի ասամբլեա, որի մեջ մտնում են նաեւ հայերը: Ինչպես նշել է դեսպանը, ըստ բնակչության վերջին մարդահամարի տվյալների, Ղազախստանում ապրում են մոտավորապես 25 հազար հայեր, սակայն իրականում թիվն ավելի մեծ է: Հայերը ներգրավված են  պետկառույցներում, կառավարությունում, բիզնեսում, նշել է դեսպանը: