Այսօր` մարտի 2-ին, լրանում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման մեկ տարին: Այս կապակցությամբ, ՄԻՊ գրասենյակը հանդես է եկել հաշվետվություն-հաղորդագրությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանը նախորդ տարվա ընթացքում իր գործունեության եւ երկրում մարդու իրավունքների խախտման մասին զեկույցը ներկայացնում է Հայաստանի նախագահին, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններին եւ զանգվածային լրատվության միջոցներին: Առաջիկա շաբաթներին կհրապարակվի մարդու իրավունքների պաշտպանի 2011 թվականի տարեկան զեկույցը, որտեղ մարդու իրավունքներին առնչվող համակարգային խնդիրները եւ թերացումները կներկայացվեն առանձին ոլորտների համար պատասխանատու 25 պետական մարմինների գործունեության համատեքստում (14 նախարարություններ, 4 անկախ հանհանձնաժողովներ եւ 7 այլ պետական մարմիններ):

Մինչ նշված զեկույցի առանձին բաժինների սեղմագրերը լրատվամիջոցներով տարածելը, հանրությանն է ներկայացվում 26-րդ բաժնի ամփոփ տեղեկատվությունը, որը վերաբերում է նախորդ տարի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը:

Պաշտպանը եւ իր աշխատակազմը իրավական ծառայություն են մատուցել 4596 մարդու: Պաշտպանի իրավասություններին վերաբերող 607 բողոքներից դրական լուծում է ստացել 344-ը, որոնցով վերականգնվել են բոլոր այդ մարդկանց խախտված իրավունքները:

2011թ. նոյեմբերին ստեղծվել է Պաշտպանի 116 անվճար թեժ գիծը: Նորովի՝ մարդկային եւ տեխնիկական ռեսուրսներով համալրված, վերաբացվել է արագ արձագանքման ծառայությունը: Գործարկման միայն առաջին երկու ամիսների ընթացքում Պաշտպանի թեժ գիծը օգնել է 778 մարդու:

Պաշտպանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված զրպարտության եւ վիրավորանքի դրույթների սահմանադրականության հարցով դիմել է Սահմանադրական դատարան, որն էլ իր պարտադիր իրավական դիրքորոշումներով հօգուտ խոսքի ազատության էականորեն բարելավել է գործող օրենսդրությունը եւ դրա կիրառումը: Այս կապակցությամբ Պաշտպանի ներդրումը երկրում խոսքի ազատության խթանման հարցում ընդգծել է  “Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ” բելգիական կազմակերպությունը: Իսկ «Լրագրողներ առանց սահմանի» ֆրանսիական կազմակերպությունն իր 2011թ հաշվետվությունում կարեւորել է Պաշտպանի նախաձեռնությամբ ստեղծված տեղեկատվական վեճերի խորհրդի նշանակությունը լրագրողական էթիկայի  եւ լրատվամիջոցների ինքնակարգավորման մեխանիզմների  զարգացման առումով:

Մարդու իրավունքների պաշտպանի եւ շուրջ 80 հասարակական կազմակերպությունների միջեւ կնքվել են համագործակցության հուշագրեր, ինչի արդյունքում այդ իրավապաշտպան կազմակերպություններից շատերի հետ համատեղ իրականացվել են շուրջ 20 ծրագիր-միջոցառումներ:

Պաշտպանի աշխատակազմը ուսումնասիրել է ավելի քան 50 օրենսդրական նախագծեր եւ դրանց վերաբերյալ ներակայացրել է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված բազմաթիվ առաջարկներ, որոնք մեծամասամբ ընդունվել են նախագծերի հեղինակների կողմից:

Պաշտպանին առընթեր նորաստեղծ Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհուրդը մոնիտորինգային 60 այցեր է իրականացրել ոստիկանության բաժիններ, քրեակատարողական հիմնարկներ, զորամասեր, հոգեբուժարաններ, մանկատներ, հատուկ դպրոցներ, տուն-ինտերնատներ: Մոնիտորինգի ընթացքում արձանագրվել են բռնության եւ անմարդկային վերաբերմունքի դրսեւորումների մի շարք դեպքեր եւ այլ խախտումներ: Մոնիտորինգի արդյունքների ամփոփումը հրապարակվել է 2011թ. դեկտեմբերին առանձին զեկույցով: 

2011թ. Պաշտպանը կազմակերպել է համաժողովների շարք՝ նվիրված խոսքի ազատությանը, արդար դատաքննությանը, խոցելի խմբերի պաշտպանությանը եւ իրավապաշտպան կազմակերպությունների հետ համագործակցությանը: Բացի այդ, Մարդու իրավունքներին առնչվող խնդիրները վերհանելու եւ քննարկելու նպատակով՝ Պաշտպանը եւ իր աշխատակազմը մասնակցել են շուրջ 70 հրապարակային քննարկումների, մի քանի տասնյակ հեռուստառադիոհաղորդումների, ինչպես նաեւ ունեցել են հարյուրավոր հարցազրույցներ լրագրողների հետ:

2011թ. դեկտեմբերին Պաշտպանը մասնակցել է ԵՄ-Հայաստան Մարդու իրավունքների երկխոսությանը, որի ընթացքում անդրադարձել է դատական համակարգի գործունեությանը, խոսքի, խղճի եւ կրոնի ազատությանը, բանակում իրավախախտումներին, ինչպես նաեւ 2012թ. խորհրդարանական ընտրություններին:   Պաշտպանի ներկայացրած դիտարկումները ընդգրկվել են Եվրոպական Խորհրդարանի՝ ԵՄ Հայաստան ասոցիացման  պայմանագրի բանակցությունների վերաբերյալ առաջարկություների մեջ:

Մարդու իրավունքների միջազգային օրը` դեկտեմբերի 10-ին, Պաշտպանը առաջին անգամ կազմակերպել է «Մարդու իրավունքների EXPO 2011», որի տաղավարներում ներկայացվել են երեխաների, սոցիալապես անապահով անձանց, կանանց, բռնությունների զոհերի, փախստականների, հաշմանդամների, փոքրամասնությունների, ինչպես նաեւ տեղեկատվություն ստանալու իրավունքին առնչվող ներկայիս առավել սուր եւ արդիական խնդիրները:

Պաշտպանը ներկայացրել է 3 արտահերթ հրապարակային զեկույց սոցիալական ապահովության իրավունքի երաշխավորման, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության եւ երկրում մշակութային կյանքին մասնակցելու իրավունքի իրականացման վերաբերյալ: Պաշտպանի աշխատակազմը պատրաստել եւ հրապարակել է նաեւ երեխաների իրավունքների պաշտպանության իրավիճակի վերլուծություն: 

Պաշտպանն իր գործունեության եւ հասարակական հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ հանդես է եկել շուրջ 30 պաշտոնական հայտարարությամբ՝ այդ թվում անդրադառնալով Ռաֆֆի Հովհաննիսյանի նստացույցի ընթացքում վրանի տեղադրման արգելքին, կրպակների ապամոնտաժման ընթացքում ոստիկանության եւ քաղաքապետարանի հակաիրավական գործողություններին,  զոհված զինծառայողների մահվան հանգամանքների քննությանը, արդար դատաքննության իրավունքի իրացմանը եւ առանձին դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությանը, խոսքի ազատության պաշտպանության համար  օրենքի կիրառման նկատմամբ գործուն հանրային վերահսկողության անհրաժեշտությանը, խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի խնդիրներին, 2008թ. մարտի հետեւանքների վերացմանը, կրթության եւ գիտության նախարարության  կողմից անցկացվող մրցութային համակարգի անկատարություններին, հավաքների ազատությանը, երկրում սոցիալական եւ սեփականության իրավունքների իրացմանը եւ այլ հարցերի: