Երեւանում անցյալ շաբաթ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է կանգառագոտիներից դուրս կայանման 24 եւ վարորդների ծխելու 14  դեպք: Այս մասին նշվել է այսօր` մարտի 5-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սահմանված սանիտարական նորմերը խախտած տրասպորտային միջոցները ժամանակավորապես դուրս են բերվել երթուղագծերից, մաքրվել եւ հետո միայն շարունակել են սպասարկումը:

Նշվել է նաեւ, որ շարունակվում են վերանորգման անհրաժեշտություն ունեցող կանգառասրահների վերականգնման աշխատանքները: Նախորդ շաբաթվա ընթացքում վերանորոգվել է 27 կանգառասրահ, սակայն միեւնույն ժամանակ տրանսպորտի վարչության պետը տեղեկացրել է, որ  արձանագրվել են վերանորոգված կանգառասրահների կոտրման  դեպքեր: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը, հայտնաբերել հասարակական կարգը խախտողներին եւ կիրառել համապատասխան տույժեր:

Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են մայրաքաղաքի կենտրոնական եւ երկրորդական փողոցների փոսալցման եւ ճաքալցման աշխատանքները, հիմնանորգումը կիրականացվի ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ: Զեկուցվել է նաեւ, որ պատրաստ են Սարալանջի, Աթենքի փողոցների եւ Մյասնիկյան պողոտայի զառիթափերից քարաթափումը կասեցնելու նպատակով նախատեսված աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը:

Անդրադառնալով վարչական շրջանների տարածքներում գտնվող ավտոմեքենաների թափքերի հավաքման աշխատանքներին` կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմակերպվել եւ դուրս է բերվել 12 թափք:

Անդրադառնալով վարչական շրջանների տարածքներում գյուղմթերքի փոքր շուկաների ստեղծմանը` առեւտրի եւ սպասարկումների վարչության պետը նշել է, որ վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից արդեն ստացվել են նոր շուկաների ստեղծման վայրերի վերաբերյալ առաջարկություններ: Տարոն Մարգարյանը հանձնարարել է մեկ անգամ եւս ուսումնասիրել եւ հնարավորին սեղմ ժամկետում ավարտել փաստաթղթային ձեւակերպումները: