Այսօր` մարտի 5-ին ժամը 15:12-ին, Շիրակի մարզի Աշոցք գյուղից 17 կմ դեպի հյուսիս արեւելք գրանցված 3.3 մագնիտուտով երկրաշարժը Բավրա համայնքում բավականին ուժեղ է եղել եւ գյուղում այն բոլորն են զգացել ու վախեցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին Բավրայի գյուղացիները:
Իսկ ահա Զույգաղբյուր համայնքի ղեկավար Գոռ Սուքիասյանը մեզ փոխանցեց, որ գյուղում «թեթեւակի» ցնցումներ զգացվել են, սակայն արտառոց ոչինչ չի գրանցվել, ավերածություններ էլ` չկան:
NEWS.am-ը փորձեց կապ հաստատել նաեւ Աշոցքի գյուղապետ Արթուր Ալոյանի հետ, վերջինս սակայն չէր պատասխանում հեռախոսազանգերին:
Հիշեցնենք, որ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է` Աշոցքում, Բավրայում, Զույգաղբյուրում 3-4 բալ ուժգնությամբ:




























