Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը, մարտի 7-11-ին,  տեղական 16 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ, ներկայացնելու է Հայաստանը Գերմանիայում կայանալիք «ITB’2012» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ նախատեսվում է, որ այս տարի ցուցահանդեսին մասնակցելու են շուրջ 180 երկրների ներկայացուցիչներ եւ 170 հազար այցելուներ:

«ITB’2012»-ի շրջանակներում նախատեսված է ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի հանդիպումը Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության (UNWTO) գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայի հետ եւ մասնակցությունը «Մեծ մետաքսե ճանապարհ» զբոսաշրջային երթուղու զարգացմանն ուղղված «UNWTO»-ի նախարարական հանդիպմանը:

Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը կազմակերպվում է Գերմանիայում ՀՀ դեսպանատան եւ Գերմանիայի զբոսաշրջային գործակալների միության (DVR) հետ ՀԱՄՀ համագործակցությամբ: