Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի 5-րդ նիստը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հաստատված օրակարգի համաձայն` ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների քարտուղարությունը հաշվետվություն է ներկայացրել իրականացված աշխատանքների վերաբերյալ: Նշվել է, որ ստուգումների տարեկան ծրագրի ամփոփ տարբերակը տեղադրված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում: Արծարծվել են 2011 թ. հունիսի 23-ին Ազգային ժողովի ընդունած «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի կիրարկմանն առնչվող հարցեր: Վարչապետը հանձնարարել է մշակել ու հաջորդ նիստին ներկայացնել նշված օրենքում ծագած խնդիրների լուծման նախագիծ եւ ստուգումների տարեկան ծրագրի օրինակելի ձեւ:
Խորհուրդը քննարկել եւ հավանություն է տվել տվյալների էլեկտրոնային փոխանակման միասնական համակարգի մշակման առաջարկությանը: Ամփոփելով հնչեցված դիտողությունները` կառավարության ղեկավարը հանձնարարել է մինչեւ 2012 թ. սեպտեմբերի 1-ը մշակել եւ խորհրդի քննարկմանը ներկայացնել համակարգի գործառնության տեխնիկական առաջադրանքը:
Հաջորդիվ զեկուցվել է Աշխատանքի պետական տեսչության ստուգաթերթի նախագծի փորձարկման արդյունքների եւ արձանագրված խնդիրների վերաբերյալ: Նշվել է, որ արդյունքում ստուգաթերթերի հարցերը վերախմբագրվել են, եւ լրամշակված նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը: Մեկ այլ հարցով հավանություն է տրվել Հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության կողմից իրականացվող ստուգումների համար մշակված ստուգաթերթերի 12 նախագծերին եւ տնտեսվարող սուբյեկտների մոտ փորձարկման փուլն սկսելու առաջարկին:
Հարցի առնչությամբ վարչապետ Սարգսյանը հանձնարարել է Աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացված փորձարկումը նախադեպ դարձնել մնացած բոլոր տեսչությունների համար եւ ստուգումներն սկսել պետական մարմիններից: Հանձնարարական է տրվել նաեւ տեսչություններին` մշակել եւ հրապարակել ստուգաթերթերի կիրառման ուղեցույց եւ տնտեսավարողի մոտ օրենքով պահանջվող փաստաթղթերի օրինակելի ձեւերը:



























