Հայաստանի կառավարությունն այսօր` մարտի 7-ին, լիազորեց Երեւանի քաղաքապետին` քանդել Վազգեն Սարգսյան-3 հասցեում գտնվող Արդարադատության նախարարության նախկին, այրված շենքը (3176 քառ. մետր մակերեսով): Կքանդվի նաեւ հարակից` Զաքյան փողոցի N2/1 հասցեում գտնվող կաթսայատունը եւ լաբորատոր շենքը:
Փոխարենը կկառուցվի նոր շենք, որի մակերեսը նախկինի համեմատ մոտ 2 անգամ ավելի կլինի: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առիթով հայտարարեց, որ նորակառույց շենք կտեղափոխվեն նաեւ արտաքին գործերի, էներգետիկայի եւ բնական պաշարների, տարածքային կառավարման նախարարությունները: «Այս ճարտարապետական լուծումները խոստացել էինք, որ հրապարակային կներկայացնենք հանրությանը: Առաջին քայլն ենք անում այդ ուղղությամբ, 2 անգամ ավելի շատ տարածք կստանանք»,- ասաց Տ. Սարգսյանը:




























