«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Կենսաթոշակային եւ աշխատաշուկայի բարեփոխումներ» ծրագրի, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» եւ ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության հետ համատեղ նախաձեռնել են դասախոսությունների շարք բուհերի ուսանողների համար` կենսաթոշակային բարեփոխումների թեմայով:
Առաջին դասախոսությունը տեղի ունեցավ մարտի 6-ին` Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողների համար: Բանախոսը` ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն էր:
Նրա խոսքերով, աշխարհում կենսաթոշակային հիմնախնդիրները քաղաքականություն մշակողների համար կարևորագույն հարցերից են, եւ շատ երկրներ, որոնք դեռևս կքած են սերունդների համերաշխության սկզբունքով աշխատող ոչ արդյունավետ կենսաթոշակային համակարգերի ներքո, քննարկում են հնարավոր ելքերը եւ հնարավորությունները` անցում կատարելու բազմաստիճան համակարգերի: Հայասատանն այս բարեփոխումներով լուծում է ապագայի այն խնդիրները, որոնք ներկայումս ունեն նշյալ երկրներ,ը, եւ որոնք, ըստ բանախոսի, ունենալու ենք նաեւ մենք, եթե չկատարենք անհրաժեշտ քայլերը: Ավելին, առաջարկվող համակարգը նաեւ նոր մշակույթ եւ մտածելակերպ է սերմանելու հասարակության մեջ, ըստ որի յուրաքանչյուր ոք ինքը պետք է մտածի իր ապագայի մասին եւ դրա համար կատարի խնայողություններ այն ժամանակ, երբ դեռ աշխատում է: Իսկ պետությունն, ըստ փոխնախարարի, պետք է մարդու համար ապահովի այդ հնարավորությունների դաշտը, մյուս կողմից էլ պետության սուրբ պարտականությունը պետք է մնա հասարակության աղքատության եւ սոցիալական խնդիրների լուծումը:
Վարդան Արամյանը բացատրեց, որ 1974 թվականին եւ դրանից հետո ծնված, այսինքն 16-40 տարեկան բոլոր աշխատող քաղաքացիները պարտադիր սկսելու են կուտակել իրենց կենսաթոշակը արդեն 2014 թվականից: Ընդ որում, փոխնախարարն ինքը եւս նոր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր մասնակիցն է, թերեւս դա էր պատճառը, որ նրա բացատրությունները ` հենված սեփական օրինակի վրա, ուսանողների համար առավել համոզիչ էին:
Առաջիկա երկու ամիսներին նախատեսվում է դասախոսություններ կազմակերպել հանրապետության մոտ 1000 ուսանողի համար: Նույն ծրագրի շրջանակներում հայտարարվել է նաեւ ռեֆերատների մրցույթ`բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողների համար: Սա ևս կոչված է ուսանողների շրջանում բարձրացնելու կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ հետաքրքրությունը և խթանելու գիտելիքների ձեռքբերումը: Լավագույն ուսանողները կարժանանան մրցանակների, իսկ հաղթողը կստանա iPad 2 պլանշետային համակարգիչ:




























