Լոռիի մարզի շուրջ 1200 բնակիչ ունեցող Լուսաղբյուր համայնքի տղամարդկանց մեծ մասն ամեն տարի մեկնում է արտագնա աշխատանքի: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում նշեց Լուսաղբյուրի գյուղապետ Մանվել Խաչատրյանը, նշելով, որ գյուղում գյուղատնտեսության ոլորտում հիմնական ուղղվածությունն անասնապահահությունն ու հողագործությունն է:
Նրա խոսքով, նախկինում կար կաթի մթերման խնդիր, իսկ այսօր կաթը մթերվում է մեկ լիտրը 140 դրամով, ու վճարումներն էլ կատարվում են ժամանակին: Գյուղապետն ասում է, որ արտագաղթ գյուղից նկատվում է, սակայն այն կրում է սեզոնային բնույթ: «Արտագաղթ նկատվում է, մեծամասամբ խոպան են գնում շինարարական աշխատանքներ կատարելու»,-ասաց նա, հավելելով, որ գյուղից վերջին մի քանի տարում մշտական գնացել է 5 ընտանիք:
Լուսաղբյուր համայնքը գազաֆիկացված է, սակայն բնական գազից օգտվում է գյուղի միայն 70 տոկոսը: Գյուղատնտեսական աշխատանքները մարզի Լուսաղբյուր համայնքում դեռ չեն սկսել: Գյուղապետի փոխանցմամբ պատճառը իրենց բարձր գոտու վրա գտնվելն է: «Մեր գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1800 մետր բարձրության վրա, դրա համար էլ գարնանային աշխատանքները համեմատած այլ գյուղերի մի փոքր ուշ ենք սկսում»:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի




























