«Նոր ժամանակներ» կուսակցությունը` նախագահ Արամ Կարապետյանի գլխավորությամբ, չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին:Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Իսկ պատճառն այն է, որ ընտրությունների ձեւաչափը,  որպես այդպիսին իրեն սպառել է:

Նրա խոսքով, խորհրդարանն այլեւս այն քաղաքական մարմինը չէ, ու  չի լինելու, որտեղ մտնելու իմաստ կտեսնի, քանի որ քաղաքական ուժերը, անհատները հիմա այնտեղ գնում են անձնական հարցեր լուծելու համար: Ի դեպ, Արամ Կարապետյանը ընդգծեց, որ ինքը իր կարծիքն է արտահայտում, որի հետ, եթե կուսակցությունը չհամաձայնի, առանձին հայտարարությամբ հանդես կգա: Հարցին, թե կարելի է  ենթադրել, որ  խորհրդարանական ընտրություններին հաջորդելիք նախագահական ընտրություններին էլ չի մասնակցելու, Արամ Կարապետյանը պատասխանեց. «Եթե ոչինչ չպատահի, մասնակցելու եմ»:

«Սկսեմ նրանից, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ արդեն քաղաքական դաշտը  կձեւափոխվի: Հիշում եք, որ որոշակի օլիգարխներ ամիսներ առաջ հայտարարեցին, որ չեն մասնակցելու խորհրդարանական ընտրութուններին, բայց տեսնում ենք, որ մասնակցելու են: Տեսեք տրամաբանությունների փոփոխություն է  տեղի ունենում: Եթե ճիշտն ասեմ նախագահական ընտրությունները Հայաստանում հիմնական կռվանն են  քաղաքական կուրսի: Խորհրդարանական  ընտրությունները անկախ նրանից կկեղծվեն, թե ոչ մեջ, ինչ-որ բան  փոխելու հույսեր չի առաջացնում»,- նկատեց Կարապետյանը` կանխատեսելով, որ խորհրդարանական ընտրություններից հետո հասարակական ընդվզում չի կանխատեսում: Պարզապես այդ ընտրություններով կապում է քաղաքական դաշտի փոփոխությունները:

Ի դեպ, բոյկոտողների մեջ է նաեւ «Սարդարապատ» շարժումը: Հնարավոր են միավորման նախադրյալ այդ շարժման հետ, հարցին էլ Կարապետյանն արձագանքեց. «Ոչ միայն «Սարդարապատ» շարժումը, այլեւ շատ -շատ ուժեր հայտարարել են, որ չեն մասնակցելու` «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, «ԱԻՄ» նախագահ  Պարույր Հայրիկյանը, «Հանրապետություն» կուսակցությունից Սմբատ Այվազյանը, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվելը Հարությունյանը, նախկին ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը: Ավելին` իմ կարծիքով, դեռ նոր մարդկանց անուններ կլսենք, ովքեր որոշում կկայացնեն չմասնակցել ընտրություններին: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ առանց քննարկումների այդ մարդիկ որոշ ձեւով իրար հետ համակարծիք են: Երեւի, թե հետագայում կսկսեն որոշ ձեւաչափի մասին մտածել եւ նմանատիպ գործընթաց կարող է գնալ»,- ամփոփեց Կարապետյանը: