Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այսօր` մարտի 10-ին, Գարեգին Բ-ն ընդունել է Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ, ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի անդամ Արթուր Չիլինգարովին:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով Չիլինգարովի այցը Հայաստան եւ Մայր աթոռ ս. Էջմիածին` Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել հայտնի գիտնականին ու քաղաքական գործչին` ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին բարձր է գնահատում նրա օգտաշատ ծառայությունն ազգային-եկեղեցական կյանքում:

Գարեգին Բ-ն եւ Ռուսաստանի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետը գոհունակությամբ հաստատել են, որ ավարտին է մոտենում Մոսկվայում կառուցվող առաջնորդանիստ եկեղեցու եւ հսկայական եկեղեցական համալիրի շինարարությունը, որի բացումը ծրագրվում է տարեվերջին: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ երկար սպասված համալիրի բացումը մեծ նշանակություն կունենա Ռուսաստանի հայ համայնքի կյանքում:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ Հայ առաքելական եկեղեցու առջեւ ծառացած զանազան մարտահրավերներ ու խնդիրներ: Մասնավոր անդրադարձ է կատարվել Հայոց Եկեղեցու կարեւոր դերակատարությանը Սփյուռքում հայորդիների ազգային ինքնության պահպանության գործում: